Ինչպես ճիշտ դադարեցնել քթից արնահոսությունը

15:18   23 օգոստոսի, 2015

Բազմաթիվ մարդիկ կյանքում գոնե մեկ անգամ բախվում են քթից արնահոսության խնդրին եւ փորձում են այն լուծել սեփական մեթոդներով: Սակայն հիմնականում մենք դա սխալ ենք անում:

Երբ քթից սկսում է արյուն հոսել, բնազդը ստիպում է գլուխը հետ տանել՝ արնահոսությունը դադարեցնելու համար: Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի գիտնականները, սակայն, հայտարարում են, որ այս մեթոդը ոչ միայն անօգուտ է, այլեւ վտանգավոր:

Եթե գլուխը հետ տանենք, արյունը քթից կհոսի դեպի կոկորդ, որտեղից էլ կարող է քաոս տարածել ամբողջ մարմնով: Այսպես. եթե քթի արյունը հասնի ստամոքսին, ուժեղ սրտխառնոց կառաջացնի: Նաեւ վտանգ կա, որ արյունը կարող է մասամբ փակել օդի անցուղիները: Եզակի դեպքերում արյունը կարող է շնչարգելություն կամ նույնիսկ թոքերի բորբոքում առաջացնել, քանի որ դրանում արդեն կոկորդից մանրէներ կան:

Բժիշկները խորհուրդ են տալիս. քթից արնահոսության դեպքում հարկավոր է զգուշորեն սեղմել քթի փափուկ հատվածը՝ քթոսկրից ներքեւ: Դա ճնշում կգործադրի արյունատար անոթների վրա: Այնուհետեւ հարկավոր է գլուխն առաջ բերել: Այդ դեպքում արյունը դուրս կհոսի, այլ ոչ թե դեպի կոկորդ:

Քթից արնահոսությունը հիմնականում դադարում է 15 րոպեում: Սակայն եթե ձեզ մոտ այն ավելի հաճախ է տեղի ունենում կամ տեւում է ավելի քան 20 րոպե, հարկավոր է դիմել մասնագետի:



© NEWS.am Medicine