Գիտնականները եւս մեկ անգամ ապացուցել են դանդաղ ուտելու օգտակարությունը

19:10   23 օգոստոսի, 2015

Որքան ավելի դանդաղ է ուտում մարդը, այնքան մեծ ՝ հավանականությունը, որ նա կնիհարի, որովհետեւ հագեցածության զգացումը նրա ուղեղին ավելի արագ կհասնի, քան արագ ուտողի մոտ, նաեւ ավելի երկար կպահպանվի: Այսպիսի եզրահանգման են եկել Բրիստոլի համալսարանի (Մեծ Բրիտանիա) հետազոտողները:

Մասնագետները գիտափորձ են անցկացրել 40 կամավորի մասնակցությամբ. խողովակի օգնությամբ նրանց բերանը 400 մլ լոլիկի ապուր են լցրել, ինչի շնորհիվ մասնակիցները չէին կարող իմանալ, թե ճշգրիտ որքան սնունդ են ընդունել:

Ապուրը մատուցել են երկու եղանակով, որոնք տարբերվել են արագությամբ: Արագ ուտելիս մասնակիցները 2 վայրկյանի ընթացքում 11.8 մլ ապուր են ստացել, ինչին հետեւել է 4 վայրկյան տեւողությամբ ընդմիջում, հետո շարունակել են սնվել: Իսկ դանդաղ ուտելիս մասնակիցները մեկ վայրկյանում 5.4 մլ ապուր են ստացել, ինչից հետո 10 վայրկյան հանգստացել են, հետո շարունակել: 

Ուտելն ավարտելուց անմիջապես հետո եւ երկրորդ անգամ՝ ուտելուց երկու ժամ անց, մասնակիցները գնահատել են հագեցածության աստիճանը: 

Պարզվել է, որ դանդաղ սնվածները երկու անգամ էլ իրենց ավելի կուշտ են զգացել, քան նրանք, ովքեր մեծ արագությամբ են կերել: «Դանդաղ ուտողներին» նաեւ թվացել է, թե իրենք ավելի շատ են կերել:  

Գիտնականները կարծում են, որ դանդաղ ուտողների մոտ հագեցածության զգացումն ավելի արագ է վրա հասնում եւ ավելի երկար է պահպանվում, ինչը խանգարում է ժամանակ առ ժամանակ մի բան ուտելուն, եւ արդյունքում թույլ չի տալիս գիրանալ:

 



© NEWS.am Medicine