Պահպանակները էրեկցիայի հետ կապված խնդիրներ չեն առաջացնում

22:10   23 օգոստոսի, 2015

Պահպանակները ոչ մի կերպ չեն ազդում էրեկցիայի հետ կապված խնդիրների վրա: Գիտնականները նաեւ պարզել են, որ հետազոտությանը մասնակցած տղամարդկանց մեկ երրորդը նույնիսկ չի կարողանում ճիշտ օգտվել պահպանակից:

Ամերիկացի հետազոտողների խոսքով, պահպանակների կանոնավոր օգտագործումը սեռական անկարողության պատճառ չի դառնում, չնայած որոշ տղամարդկանց մոտ պահպանակները կարող են էրեկցիայի խնդիրներ առաջացնել:

Հետազոտության ընթացքում, որին 18-ից 24 տարեկան 479 հետերոսեքսուալ տղամարդ է մասնակցել, պարզվել է, որ նրանք, ովքեր բողոքում էին պահպանակների պատճառով էրեկցիայի խնդիրներից, ավելի շուտ տառապում են ընդհանուր էրեկտիլ խանգարումներից: Այսինքն՝ նրանք պահպանակին են վերագրել գրգռվելու անկարողությունը, որն իրականում այլ պատճառներ ունի: Այս մասին գրել է Journal of Sexual Medicine ամսագիրը:

Հարցված տղամարդիկ կանոնավոր կերպով այնպիսի պահպանակ են գնել, որի չափսը իրենց չի համապատասխանել, այսինքն՝ չափազանց նեղ է եղել: Այդ կապակցությամբ հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ բժիշկներն ու այլ բուժաշխատողներ չպետք է ամաչեն երիտասարդ տղամարդկանց սովորեցնել, թե որն է պահպանակ օգտագործելու ճիշտ եղանակը, որովհետեւ այդ հոգեսեռական բուժումը կօգնի ապագայում խուսափել լուրջ խնդիրներից:

 



© NEWS.am Medicine