Մսից հրաժարումն ինչպես կարող է փչացնել ձեր առողջությունը

12:46   24 օգոստոսի, 2015

Մսից հրաժարումը կարող է փչացնել ձեր առողջությունը, պնդում են սննդակարգի բրիտանացի մասնագետները

Դեբի Դիքսոնը հասկացել է, որ ինքն ինչ-որ խնդիր ունի, երբ մազերը սկսել են թափվել: Հետո մշտական գունատություն եւ  հոգնածություն է հայտնվել, իսկ եղունգները սկսել են շերտավորվել եւ ջարդվել: Սկզբում նա կարծել է, թե մեղավորը աշխատանքն է, որին նա շատ ժամանակ էր հատկացնում, բայց երբ դիմել է բժշկի, պարզվել է, որ այդ ամենի մեղավորը մսից հրաժարումն է: Նրա օրգանիզմում երկաթի մակարդակն անթույլատրելիորեն ցածր էր: Իրականում Դեբին երկու տարի առաջ հրաժարվել էր մսից, եւ դրանից մեկ տարի անց նրա մոտ սկսվել էին ախտանիշները: Մսից հրաժարվելուց առաջացած խնդիրները հաղթահարելու համար նա ստիպված էր եղել բուժվել եւ դեղամիջոցներ ընդունել, որոնք տհաճ երկրորդական հետեւանքներ էին ունեցել:

Սննդակարգի մասնագետների կարծիքով Դեբին ընդամենը մեկն է այն բազմաթիվ կանանցից, որոնք սահմանափակող սննդակարգեր են որդեգրում կամ էլ հրաժարվում են այս կամ այն մթերքից: Այդ ամենը առողջության հետ կապված խնդիրներ է առաջ բերում, որովհետեւ նրանց օրգանիզմը դադարում է  մի շարք անհրաժեշտ նյութեր ստանալ:

Այդ գործում իրենց դերն են խաղում մսից հրաժարման բազմաթիվ կոչերը, որոնցում ասվում է, իբր միսը վտանգավոր է սրտի համար եւ քաղցկեղ է առաջացնում: Այդ կոչերից հետո մարդկանց մեկ քառորդը նվազեցրել է մսի օգտագործումը, իսկ տասը տոկոսն ընդհանրապես հրաժարվել է մսից:

Խնդիրն այն է, որ միսը հարուստ է կնոջ օրգանիզմի համար անհրաժեշտ մի շարք նյութերով, օրինակ` սպիտակուցներով եւ երկաթով: Իհարկե, դրանց պակասը կարելի է լրացնել եւ բուսակերության պայմաններում, բայց այդ դեպքում չափազանց գրագետ մոտեցում է անհրաժեշտ, որը հասարակ մարդիկ չեն կարող դրսեւորել:

Սննդակարգի մասնագետ Քերրի Ռաքսթոնի կարծիքով, բուսակերների համար շատ դժվար է В12 վիտամինի, ցինկի, վիտամին D-ի, յուղային թթուներից Օմեգա 3-ի եւ շատ այլ նյութերի մեծ քանակություն ստանալ, այնինչ դրանք ծայրաստիճան անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար:

Պրոտեինները նույնպես  անհրաժեշտ են կնոջ առողջության համար, հիշեցնում է սննդակարգի մասնագետ Լաուրա Քլարկը: Ամեն օր միջին վիճակագրական կինը պիտի ուտի 45 գրամ սպիտակուց, իսկ դա նշանակում է մոտ 100 գրամ հավ եւ մեկ ձու կամ էլ 200 գրամ նուշ: Բայց եթե հավն ու ձուն քիչ կալորիա են պարունակում, 200  գրամ նշի մեջ ավելի քան 1000 կալորիա կա:



© NEWS.am Medicine