5 խորհուրդ այն մասին, թե ինչպես ինքներդ ձեզ եւ երեխաներին սովորեցնեք շուտ պառկել քնելու եւ շուտ վեր կենալ

21:39   25 օգոստոսի, 2015

Ամռանը ոչ ոք չի ուզում պառկել քնելու, բայց սեպտեմբերը մոտենում է, եւ երեխաները, ինչպես եւ մենք` մեծերս, պիտի սովորենք վաղ պառկել քնելու եւ վաղ արթնանալ, որպեսզի դասից եւ աշխատանքից չուշանանք: 

Քլիվլենդի հիվանդանոցի բժիշկ Սալլի Իբրահիմը  մի քանի խորհուրդ է տալիս այն մասին, թե ինչպես ինքներս մեզ եւ երեխաներին սովորեցնենք շուտ պառկել քնելու եւ շուտ արթնանալ.

• Սկսեք ավելի շուտ արթնանալ: Բավականին դժվար է շուտ պառկել քնելու, եթե քնել չեք ուզում, բայց եթե առավոտները սկսեք շուտ արթնանալ, երեկոյան կուզենաք ավելի շուտ պառկել քնելու: Եվ շուտով ձեր ներքին ժամացույցը կհարմարվի նոր գրաֆիկին:

• Զարթուցիչը 30 րոպեով առաջ տվեք: Պետք չէ չափից ավելի կտրուկ փոխել արթնանալու ժամը. Մարմնին ժամանակ ու հնարավորություն տվեք սովորելու նոր ժամանակացույցին: Զարթուցիչը 30 րոպեով առաջ տվեք, մի քանի օրից` եւս 30 րոպեով:

• Իմացեք, թե ձեզ ինչքան քուն է անհրաժեշտ: 6-ից 12 տարեկան երեխաներին անհրաժեշտ է օրական 9-ից 11 ժամ քնել. Դեռահասներին անհրաժեշտ է 8.5-ից 9  ժամ, իսկ չափահասներին` 7.5-ից 8 ժամ:

• Ճիշտ պատրաստվեք քնին: Քնից երկու ժամ առաջ առույգացնող ոչինչ մի արեք, մի մարզվեք, սուրճ մի խմեք, հեռախոսով եւ պլանշետներով մի խաղացեք: Հեռուստացույց  նայել եւս խորհուրդ չի տրվում: Եթե դրսում դեռ լույս է, կարելի է պատուհանները ծածկել ծանր վարագույրներով, որպեսզի օրգանիզմը սկսի հասկանալ, որ եկել է քնելու ժամանակը:

• Ամենայն լրջությամբ վերաբերվեք քնի հարցերին: Մասնագետի խոսքով, քունը շատ առումով ծխախոտի է նման. Մի ծխախոտը հազիվ թե որեւէ մեկին սպանի, բայց կանոնավոր ծխելը վտանգավոր է առողջության համար: Նույնն էլ քնին է վերաբերում. Մի անքուն գիշերի մեջ սարսափելի բան չկա, բայց կանոնավոր կերպով անքուն մնալը մի շարք խնդիրների կհանգեցնի:



© NEWS.am Medicine