Ձմերուկն այնքան անվնաս չէ, որքան կարծում եք

16:08   25 օգոստոսի, 2015

Ձմերուկն այնքան անվնաս մթերք չէ, որքան շատերին կարող է թվալ, դրա համար էլ մարդկանց որոշ խմբեր ճիշտ կանեն, եթե ավելի զգուշորեն օգտագործեն այն, զգուշացնում է սննդակարգի մասնագետ Հասմիկ Աբովյանը:

Նրա խոսքով, ձմերուկի մեջ բավականին շատ շաքար կա, ինչի հետեւանքով նրա գլիկեմիական ցուցանիշը բարձր է. երբ մարդը ձմերուկ է ուտում, նրա արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կտրուկ բարձրանում է եւ մեծ թափով սկսվում է ինսուլինի սինթեզումը: Մարդը շատ արագ նորից սկսում է քաղց զգալ, եւ նրա ախորժակը մեծանում է: Դա մարդուն ստիպում է քաղցը հագեցնել կալորիական ինչ-որ բանով, ինչը կարող է հանգեցնել քաշի ավելացմանը:

Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս երեկոյան քնից առաջ ձմերուկ չուտել, ինչպես նաեւ ձմերուկ չուտել ճաշից հետո որպես աղանդեր: Ձմերուկը ցանկալի է ուտել որպես առանձին մթերք` հաշվի առնելով վերոհիշյալ բոլոր փաստերը եւ նրանում շաքարի պարունակությունը:

Իսկ շաքարային դիաբետ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում հնարավորինս խուսափել ձմերուկից այդ նույն պատճառով. ձմերուկը շաքար է պարունակում, որը կհանգեցնի նրանց արյան մեջ գլյուկոզայի բարձրացմանը:

Որոշ մարդիկ կարծում են, որ ձմերուկը կարող է ջրին փոխարինել, որովհետեւ շատ հեղուկ է պարունակում: Բայց դա բոլորովին այդպես չէ: Ձմերուկի մեջ, իհարկե, ջուր շատ կա, բայց նրանում պարունակվող այլ նյութերը նպաստում են օրգանիզմից ջրի դուրս բերմանը, եւ ոչ հակառակը: Դրա համար էլ այն մարդիկ, որոնք ձմերուկ են ուտում, պիտի առաջվա պես խմեն ջրի այն քանակությունը, որը խորհուրդ է տրվում, որպեսզի թույլ չտան օրգանիզմի ջրազրկում:

 

 



© NEWS.am Medicine