3 օգտակար մթերք, որոնք ուժերի անկում են առաջ բերում

16:44   30 օգոստոսի, 2015

Ոչ բոլոր մթերքներն են մարդուն էներգիայով լցնում. որոշները, ընդհակառակը, ուժերի անկման եւ քնատության պատճառ են դառնում: Հետաքրքիր է, որ այդ ցանկում են բավականին լուրջ սննդամթերքներ, որոնք մարդու առողջ սննդակարգի մաս են կազմում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ նենգ մթերքներից մի քանիսը.

Աղցանը

Սննդակարգի մասնագետ Էլիզաբեթ Պոլիտայի կարծիքով շատ նենգ ուտեստ է… աղցանը: Ամբողջ հարցն այն է, որ աղցանը սովորաբար կազմված է  բանջարեղենից, դրա համար էլ նրա մեջ քիչ են ածխածինները եւ գրեթե չկան սպիտակուցներ: Դա նշանակում է, որ այն չի կարող օրգանիզմին տալ նրան անհրաժեշտ էներգիան, եւ մարդը, որն ընդամենը աղցան է կերել, շատ արագ կհոգնի:

Մասնագետը նաեւ ավելացրել է, որ եթե աղցանի համեմունքների մեջ շաքար է պարունակվում, ուժերի անկումը եւ քնատությունը նույնիսկ ավելի արագ են վրա հասնում: Դրանից խուսափելու համար աղցանին պետք է ավելացնել սպիտակուցային որեւէ բան եւ անհրաժեշտ է վրան սառը քամված ձիթապտղի յուղ եւ քացախ կամ էլ կիտրոնի հյութ լցնել:

Կաթնամթերքներ

Կաթնամթերքները, որքան էլ տարօրինակ լինի, նույնպես կարող են մեծ հոգնածություն առաջ բերել, հատկապես տարիքով մարդկանց մոտ, եթե այդ մարդիկ կաթնային սպիտակուցի մարսողության խնդիր ունեն: Այդ երեւույթի մեխանիզմն առայժմ ամբողջությամբ հասկանալի չէ, գիտնականները ենթադրում են, որ օրգանիզմում կաթնային սպիտակուցների նկատմամբ հատուկ պաշտպանական հակազդեցություն է առաջանում, ինչը մարդուն զրկում է էներգիայից:

Բանաններ եւ ընկույզ

Բանաններն ու ընկույզը, որոնք միշտ էներգիայի աղբյուր են համարվել, ինչպես պարզվում է, կարող են հոգնածության եւ թուլության պատճառ դառնալ: Ամբողջ հարցն այն է, որ դրանք հագեցած են մագնիումով, որը նպաստում է մկանների թուլացմանը:



© NEWS.am Medicine