Չիլի պղպեղը կարող է օգնել ավելորդ քաշի դեմ պայքարում

12:58   27 օգոստոսի, 2015

Չիլի կծու պղպեղը մարդուն հնարավորություն է տալիս իրեն ավելի երկար ժամանակ կուշտ զգալու եւ դրանով օգնում է ավելորդ քաշի դեմ պայքարում, պնդում են Ավստրալիայի Ադելաիդայի համալսարանի հետազոտողները:

Մասնագետները պարզաբանում են, որ երբ ստամոքսը կուշտ է, ձգվում է` ակտիվացնելով հատուկ նյարդեր, որոնք ուղեղին հագեցման ազդանշան են ուղարկում: Բայց եթե մարդու սնունդը հարուստ է ճարպերով, ստամոքսի կարեւոր ռեցեպտորների աշխատանքը խաթարվում է, մարդը դադարում է ընկալել հագեցածության մասին ազդանշանները եւ չափից շատ է ուտում:

Հետազոտության ընթացքում վերոհիշյալ համալսարանի գիտնականները պարզել են, որ կապսաիցինը, որն առկա է չիլի պղպեղում եւ որը պղպեղին կծու համ է  փոխանցում, խթանում է վերոհիշյալ ռեցեպտորներին, որոնք էլ ազդանշան են ուղարկում ուղեղին: Այսինքն պղպեղը ստամոքսին օգնում է ավելի արդյունավետ կերպով ազդանշաններ փոխանցել հագեցածության մասին: Նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այդ ռեցեպտորը կարող է դադարեցնել ճարպակալման ընթացքը, որ պայմանավորված է ճարպի մեծ քանակություն պարունակող սննդամթերքի օգտագործմամբ:



© NEWS.am Medicine