D վիտամինի անբավարարությունը նպաստում է ցրված սկլերոզի զարգացմանը

19:35   26 օգոստոսի, 2015

D վիտամինի անբավարարությունը բարձրացնում է ցրված սկլերոզի ռիսկը: Այդ մասին հաղորդում են Կանադայի Մակհիլլի համալսարանի, ինչպես նաեւ Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները: Համատեղ հետազոտության ընթացքում բրիտանացի եւ կանադացի գիտնականները դիտարկել են 40 000 եվրոպացու, որոնցից 15 000-ը ծնվել էին այնպիսի գեներով, որոնք D վիտամինի մակարդակի նվազման պատճառ են դառնում: Գիտնականները նկատել են, որ նման գեներ ունեցող մարդկանց մոտ ցրված սկլերոզի զարգացման վտանգը երկու անգամ ավելի մեծ է, քան նրանց, որոնց վիտամինի մակարդակը նորմայի սահմաններում է:
Գիտնականների խոսքով, անհրաժեշտ է այլ հետազոտություններ եւս անցկացնել` պատասխանելու այն հարցրին, թե արդյոք D վիտամին պարունակող սննդային հավելումները կամ էլ երկարատեւ արեւային լոգանքը կարող են զսպել կամ կանխարգելել ցրված սկլերոզի զարգացումը:
Բայց հետազոտության ընթացքում ստացված տվյալները միանշանակորեն մատնանշում են, թե ինչ էական է D վիտամինի մակարդակը այդ հիվանդության զարգացման պարագայում: Այդ հայտնագործությունը հատկապես կարեւոր է հյուսիսային երկրների  բնակիչների համար, որտեղ արեւային օրերը ավելի քիչ են, քան ամպամածները:
Վիտամին D-ի մեծ մասը մեր օրգանիզմում արտադրվում է մաշկի վրա արեւի ճառագայթների ազդեցությամբ, չնայած դրա որոշ մաս առկա է սննդամթերքում, ինչպես օրինակ` ձվի, մսի, յուղոտ ձկան` սաղմոնի, թյունիկի, սարդինների մեջ:
[1:20:41 PM] Agni: ok



© NEWS.am Medicine