Շամպունների մեջ առկա 5 վտանգավոր քիմիկատները

14:17   30 օգոստոսի, 2015

Մեր ամենօրյա օգտագործման շամպուններում եւ անձնական հիգիենայի այլ միջոցներում կարող են պարունակվել օրգանիզմի համար բավականին վտանգավոր նյութեր: Այդ մասին է պատմում Journal of Investigative Dermatology պարբերականը:

Նատրիումի լաուրիլսուլֆատ- SLS

Թունաբանության ամերիկյան քոլեջի ներկայացուցիչները պնդում են, որ նատրիումի լաուրիլսուլֆատը շատ վտանգավոր քիմիկատ է: Դա ակտիվ նյութ է, որը մեծ ժողովրդականություն է վայելում շամպուն, սափրվելու քսուք, ատամի մածուկ եւ նմանատիպ այլ ապրանքներ արտադրողների շրջանում: Փորձագետների խոսքով, SLS-ը հեշտորեն ներթափանցում է մաշկի տակ եւ կարող է մի քանի օր շարունակ շրջանառվել օրգանիզմում: Այն կարող է վնասել մաշկը եւ մազերը ու նույնիսկ ծանր բորբոքում առաջ բերել;:

Նատրիումի լաուրետսուլֆատ (SLES)

Հաջորդ պոտենցիալ վտանգավոր բաղադրիչը նատրիումի լաուրետսուլֆատն է (SLES), որն առկա է շամպունների մեջ: Այդ նյութը հաճախ աղտոտված է լինում 1,4 դիոքսինով, որը հայտնի է որպես քաղցկեղածին նյութ: Մարդու լյարդն ի վիճակի չէ արդյունավետորեն նյութափոխանակության ենթարկել այն, ինչի հետեւանքով դիոքսինը կարող է կուտակվել մարդու օրգանիզմում: Միաժամանակ, քանի որ 1,4 դիոքսինը խառնուրդ է, ոչ թե մաքուր արտադրանք, պիտակների վրա` բաղադրիչների ցանկում այն չի հիշատակվում:

Պարաբեններ

Շատ վտանգավոր են նաեւ պարաբենները` քիմիական կոնսերվանտներ, որոնք հաճախ օգտագործվում են շամպուններում եւ անձնական հիգիենայի այլ միջոցներում: Վերջին հետազոտությունները մատնանշում են, որ կապ կա այդ նյութերի եւ կաթնագեղձի քաղցկեղի միջեւ: Բացի այդ, կարծիք կա, որ այդ նյութերի նույնիսկ մի փոքր քանակությունը կարող է   վերարտադրողական համակարգի հետ կապված խնդիրներ առաջացնել եւ թունավորել ներքին օրգանները:

Հոտավետիչներ

Հոտավետիչները, որոնք օգտագործվում են դիմահարդարման մեջ, եւս ընդգրկվել են թունավոր քիմիկատների ցանկում: Մասնագետների խոսքով, տվյալ նյութերը շատ թունավոր են եւ կարող են վնասել կենտրոնական նյարդային համակարգը, ալերգիա առաջ բերել, ուղեղի գործառույթների նվազման, ճարպակալման, ասթմայի, գլխացավի, կոնտակտային մաշկաբորբի եւ նույնիսկ քաղցկեղի պատճառ դառնալ: Բացի այդ, կարծիք կա, որ դրանք կարող են երեխաների մոտ բնածին անոմալիաների պատճառ դառնալ:

Պոլիէթիլենգլիկոլ ՊԷԳ

Մասնագետները ամենավտանգավոր քիմիկատների վարկանիշի մեջ են մտցրել նաեւ պոլիէթիլենգլիկոլը`ՊԷԳ-ը, որը լայնորեն օգտագործվում է դիմահարդարման միջոցներին կրեմային կառուցվածք հաղորելու համար: Դժվար է ՊԷԳ-ը մաքրել ուղեկցող նյութերից, ինչպիսին են 1,4 դիոքսինը եւ էթիլենօքսիդը, որոնք քաղցկեղածին նյութեր են: Պոլիէթիլենգլիկոլը կարող է նպաստել օրգանիզմում թունավոր նյութերի մակարդակի բարձրացմանը եւ զարգացման արատներ ծնել:



© NEWS.am Medicine