Հղի կինը իր թաղումից մեկ օր անց դագաղում արթնացել է

17:15   26 օգոստոսի, 2015

Հոնդուրասում 16-ամյա Նեյսի Փերեզը (Neysi Perez) դագաղում արթնացել է իր թաղումից մեկ օր անց: Ցավոք սրտի, աղջկան փրկել չի հաջողվել: Նա մահացել է, մինչ փորձում էին նրան դուրս բերել գերեզմանից:

Աղջիկը հղիության երրորդ ամսում էր եւ Լա Էնտրադա քաղաքում` իր տնից ոչ հեռու կրակոցներ լսելով գիտակցությունը կորցրել էր: Ծնողները նրան հայտնաբերել էին փրփրած բերանով եւ կանչել էին տեղի քահանային` ենթադրելով, թե աղջկա մեջ չար ոգիներ են մտել: Ոգիներին քշելու արարողությունից հետո աղջիկն այլեւս կյանքի նշաններ ցույց չէր տվել: Նրան հասցրել էին հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել էին նրա մահը:

Աղջկան թաղել էին հարսանեկան զգեստով, որովհետեւ նա ընդամենը մի քանի ամիս առաջ էր ամուսնացել: Թաղման հաջորդ օրը նրա ամուսինը` Ռուդի Գոնսալեսը (Rudy Gonzales) եկել էր գերեզմանատուն եւ գերեզմանից եկող խուլ աղաղակներ ու թակոց էր լսել: Տղամարդը անմիջապես օգնության էր կանչել հարազատներին, որոնք ջարդել էին գերեզմանը, բացել էին դագաղը, արձանագրել, որ աղջկան ողջ-ողջ են թաղել. Այդ մասին վկայում էին ձեռքի վերքերը, որ առաջացել էին դագաղից դուրս պրծնելու նրա փորձերից: Ավելին` Պերեսի մարմինը տաք էր: Նրան անմիջապես հիվանդանոց էին հասցրել, բայց չէին կարողացել փրկել:

Աղջկան նորից թաղել էին նույն դագաղում:

 



© NEWS.am Medicine