Ճապոնիայում տարածվել է վտանգավոր վարակիչ հիվանդություն

10:34   27 օգոստոսի, 2015

Ճապոնիայում 284 մարդու մոտ հայտնաբերել են ստրեպտոկոկային թունավոր շոկի ախտանիշ։ Այս հազվագյուտ հիվանդությունն ունի 30 տոկոս մահացություն։ Վարակիչ հիվանդությունների ազգային իսնտիտուտի տվյալներով Տոկիոյում արձանագրվել է այս ախտանիշով հիվանդացության 45 դեպք, Օսակա պրեֆեկտուրայում ՝ 28, իսկ Կանավագայում՝ 20։

Ստրեպտոկոկային թունավոր շոկի ախտանիշն առաջանում է այն ժամանակ, երբ «Ա» խմբի մանրէները հայտնվում են օրգանիզմի այն մասերում, որտեղ դրանք չպետք է լինեն։ Օրինակ մկանների, արյան կամ էլ թոքերի մեջ, ինչը համարվում է պաթոլոգիա։ «Ա» խմբի ստրեպտոկոկը առաջացնում է ֆարինգիտ, ինչն էլ իր հերթին դառնում է կոկորդացավի եւ մաշկի թարախային հիվանդության պատճառ։ Բայց երբ հիվանդները այս մանրէներով վարակվում են սպիների ու վերքերի միջոցով՝ նրանց մոտ կարող է սկսվել տենդ՝ 38-ից բարձր ջերմաստիճանով եւ վերջույթների այտույցով, ինչն էլ ի վերջո հանգեցնում է նեկրոզի, այսինքն հյուսվածքների մահացմանը։

«Սովորական դեպքերում հիվանդությունը կարելի է վերահսկել հակաբակտերիալ դեղորայքների միջոցով։ Բայց իրավիճակը կարող է բարդանալ վայրկենապես, այնպես որ հենց այտույցը սկսի տարածվել մարմնով մեկ ՝ հիվանդներին խորհուրդ են տալիս անմիջապես դիմել բուժհաստատություններ»,- ասում է Քեն Կիկուտին՝ Տոկիոյի Կանացի բժշկական համալսարանի պրոֆեսորը։

Ստրեպտոկոկային թունավոր շոկի ժամանակ հիվանդները կարող են մահանալ մի քանի օրվա ընթացքում ՝ պոլիօրգանային անբավարարությունից (օրգանիզմի սթրեսային արձագանքը) կամ էլ այլ ախտանիշներից։ Չնայած տվյալ հիվանդության դեպքում մահացությունը կազմում է 30 տոկոս (համեմատության համար ասենք, որ աղմուկ հանած Էբոլա հիվանդությունը սպանում է հիվանդների մինչեւ 50 տոկոսին)՝ բայցեւայնպես ճապոնական մամուլում մահացու ելքերի մասին հաղորդագրություններ դեռ չկան։



© NEWS.am Medicine