Արյան անալիզը կօգնի ժամանակին հայտնաբերել կրծքի քաղցկեղի կրկնության վտանգը

19:40   27 օգոստոսի, 2015

Արյան պարզագույն անալիզը կօգնի ախտորոշել կրծքի քաղցկեղի կրկնությունը 7 ամիս ավելի շուտ, քան դա թույլ են տալիս առկա մեթոդները: Այդ մասին պատմել են Լոնդոնի Ուռուցքաբանական հետազոտությունների ինստիտուտի գիտնականները, որոնք մշակել են այդ մեթոդը:

Այդ նոր անալիզը, որի հիմքում ուռուցքների ԴՆԹ-ի հետազոտությունն է, արդեն փորձարկում է անցնում մի շարք բրիտանական կլինիկաներում: Նրա օգնությամբ հնարավոր է ախտորոշել քաղցկեղային մնացորդային բջիջների նույնիսկ փոքր քանակությունը, ինչը նշանակում է, որ կրծքի քաղցկեղի կրկնության վտանգը հայտնաբերվում է ավելի շուտ, քան այլ մեթոդների կիրառությամբ:

Թեսթը ոչ միայն վերացնում է ինվազիվ բիոպսիաների անհրաժեշտությունը, այլեւ թույլ է տալիս փոփոխել բուժումը, որովհետեւ որսում է ուռուցքների պարունակության մեջ գեների առանցքային մուտացիաները: Հետազոտողները հավաստիացնում են, որ արյան այդ անալիզի մշակումը կարեւոր քայլ է դեպի այսպես կոչված «հեղուկ բիոպսիայի» օգտագործումը, ինչը կարող է հեղափոխել կրծքի քաղցկեղի կրկնման դեպքերի բուժումը եւ դրա ախտորոշումը` բժիշկներին օգնելով բուժման լավագույն մեթոդներ ընտրել:

«Մենք առաջանում ենք դեպի ուռուցքաբանության հիվանդների համար անհատականացված բժշկության ժամանակաշրջան,-ասել է պրոֆեսոր Պոլ Ուորմանը` Ուռուցքաբանական հետազոտությունների ինստիտուտի ղեկավարը: Թեսթը մեզ կօգնի եւս մի քայլ անել այդ ուղղությամբ, որովհետեւ այն որսում է կոնկրետ ուռուցքի բոլոր թույլ օղակները: Նմանատիպ հետազոտությունները մեզ օգնում են ավելի լավ հասկանալ քաղցկեղային ուռուցքների փոփոխությունների առանձնահատկությունները, երբ այդ ուռուցքները պայքարում են այս կամ այն բուժման դեմ: Այդ ընկալումն էլ կօգնի նոր դեղեր ստեղծել»:



© NEWS.am Medicine