Մանուշակագույն կարտոֆիլը կարող է կանխել աղիների քաղցկեղի զարգացումը

10:59   28 օգոստոսի, 2015

Մանուշակագույն կարտոֆիլը կարող է կանխել աղիների քաղցկեղի զարգացումը, հայտնում են Փենսիլվանիայի պետական համալսարանի ամերիկացի գիտնականները։ Նրանք հայտնաբերել են, որ մանուշակագույն կարտոֆիլում պարունակվող միացությունները կարող են սպանել քաղցկեղային ցողունային բջիջները՝ սահմանափակելով ուռուցքի տարածումը։

Գիտնականները քաղցկեղը համեմատել են մոլախոտի հետ․ եթե մոլախոտը պոկում ես, բայց արմատները թողնում, այն նորից աճում է։ Նույնն էլ քաղցկեղի հարցում է․ եթե ուզում ես կանխել դրա տարածումը, պետք է գրոհես դրա «արմատների»՝ այսինքն ցողունային բջիջների վրա։

Հետազոտության ընթացքում գիտնականները օգտագործել են խորոված մանուշակագույն կարտոֆիլը,որպեսզի համոզվեն, որ բանջարեղենը կպահպանի իր հակաքաղցկեղային հատկությունները նույնիսկ պատրաստումից հետո։ Պարզվում է, որ խորոված (ջեռոցում առանց կեղեւահանման պատրաստված) կարտոֆիլի հյութը ճնշում է հաստ աղիքի քաղցկեղի ցողունային բջիջներին ՝ հանգեցնելով դրանց մահվանը։ Հետո հետազոտողները հաստ աղիքի քաղցկեղ ունեցող մկների վրա են փորձարկել ամբողջական մանուշակագույն կարտոֆիլի ներգործությունը եւ ստացել են նույնարժեք արդյունքներ։

Մասնագետները ենթադրում են, որ մանուշակագույն կարտոֆիլի հակաքաղցկեղային ներգործությունը ՝այսինքն ցողունային բջիջների ոչնչացումը, պայմանավորված է այդ բանջարեղենում անտոցիանների ու քլորոգենաթթվի, նաեւ դիմացկուն կրախմալի պարունակությամբ։

Այդ հետազոտության մասին հայտնում է Journal of Nutritional Biochemistry ամսագիրը։



© NEWS.am Medicine