87-ամյա կնոջ գլխին 13 սանտիմետրանոց կոտոշ է աճել

12:15   28 օգոստոսի, 2015

Զգուշացում.  լուսանկարները կարող են ձեզ տհաճ թվալ

87-ամյա Լյան Սյուչժենը Սիչուանից (Չինաստանի հարավ-արեւմուտք) բժիշկներին է դիմել ծայրաստիճան հազվագյուտ խնդրով. երկու տարվա ընթացքում նրա ճակատին հսկայական՝ 13 սանտիմետրանոց կոտոշ է աճել: Այդ գոյացությունը իրոք կոտոշի տեսք ունի եւ ծայրամասում նեղանում է:

Ինչպես պատմում են չինացի բժիշկները, 8 տարի առաջ Լյանի գլխին մի մեծ սեւ խալ էր: Երբ խալը սկսել էր քոր գալ, հարազատները սկսել էին դա մշակել ինչ-որ լուծույթով, որը ենթադրաբար ոչ մի երկրորդական հետեւանք չպիտի ունենար:

Երկու տարի առաջ խալն ասես բացվել է, եւ նրա միջից սկսել է կոտոշ աճել: Սկզբում դա ճկույթի հաստության է եղել եւ 2,5 սանտիմետր երկարություն է ունեցել: Այդ ժամանակ բժիշկները չեն կարողացել հասկանալ, թե դա ինչ է, բայց կոտոշը մի որոշ ժամանակ դադարել է աճել, եւ հարազատները որոշել են այն հանգիստ թողնել:

Մի անգամ Լյանի դուստրը մոր մազերը լվալիս պատահաբար պոկել է կոտոշը: Այդ ժամանակ դրա տեղն ուրիշն է սկսել աճել եւ հասել է 13 սանտիմետր երկարության, իսկ գույնով եւ ձեւով նման է կենդանու կոտոշի: Դրանից հետո մաշկը սկսել է ժամանակ առ ժամանակ կարմրել, երբեմն էլ արյունահոսում է: Կոտոշը նաեւ որոշակի անհարմարություններ է պատճառում Լյանին եւ երբեմն խիստ ցավում է:

Բժիշկների խոսքով, Լյանի գլխին աճածը նման է մաշկային կոտոշի: Այն կարելի է հեռացնել վիրաբուժական եղանակով, եթե հիվանդը ի վիճակի լինի դիմանալ վիրահատությանը: Մյուս կողմից էլ, բժիշկները զգուշանում են, թե դա կարող է քաղցկեղի ուռուցք լինել, որովհետեւ չափից ավելի արագ է աճում:



© NEWS.am Medicine