Ավագ երեխաներն ավելի հակված են ճարպակալելու, քան կրտսերները

12:45   29 օգոստոսի, 2015

Անդրանիկ զավակներն ավելի հաճախ բարձրահասակ են լինում, ունենում են ինտելեկտի ավելի բարձր գործակից եւ առաջնորդի առավել վառ արտահայտված որակներ, քան իրենց կրտսեր քույրերն ու եղբայրները։ Սակայն նրանք նաեւ ալերգիայի եւ ավելորդ քաշ կուտակելու նկատմամաբ հակում ունեն։ Այս մասին հայտարարել են Օքլենդի համալսարանի գիտնականները։

Ուեյն Քաթֆիլդը եւ համալսարանի նրա գործընկերները անալիզ են անցկացրել Շվեդիայում ապրող մոտ 13 500 զույգ հարազատ քույրերի շրջանում։ Քաթֆիլդն իր աշխատանքում օգտագործել է ծննդյան պահին քույրերի քաշի ցուցանիշը, իսկ այնուհետեւ՝ նրանց առաջին հղիության 10-րդ շաբաթվա բուժզննության արդյունքները։ Հղիության այդ շրջանում սովորաբար կանանց քաշի ավելացումը չնչին է, այնպես որ այդ տվյալներով կարելի է դատել նրանց սովորական քաշի  մասին։

Ըստ ստացված տվյալների՝ անդրանիկ աղջիկների մեծ մասը ծնվում է ավելի փոքր քաշով, քան նրանց կրտսեր քույրերը, սակայն մոտ 25 տարեկան հասակում նրանց մարմնի զանգվածի ինդեքսը ավելի բարձր է լինում։ Նրանց առաջին հղիության ժամանակ մարմնի զանգվածի ինդեքսը ունեցել է 24.4 ցուցանիշը։ Միաժամանակ նրանց կրտսեր քույրերի մարմնի զանգվածի ինդեքսը եղել է մոտ 23.8։

Արդյունքում պարզվել է, որ ավագ քույրերը 30 տոկոսով ավելի են հակված ավելորդ քաշ կուտակելուն եւ 25 տարեկան հասակում 40 տոկոսով ավելի շատ են տառապում ճարպակալումից։

Գիտնականները դեռեւս չեն կարող բացատրել այդ ֆենոմենը։ Հնարավոր է, որ պատասխանը կապ ունի մոր արգանդի հետ. առաջին հղիության ժամանակ կնոջ անոթները կարող են համեմատաբար ավելի նեղ լիներ եւ սահմանափակել արյան հոսքը դեպի պտուղ։ Համապատասխանաբար, սննդարար նյութերի հոսքը պտղին պակասում է, եւ, որպես հետեւանք, փոխվում է լիպիդային եւ ածխաջրածին նյութափոխանակությունը:

 



© NEWS.am Medicine