Թեփ. ի՞նչ է դա եւ ինչպես բուժվել դրանից

18:33   28 օգոստոսի, 2015

Թեփի խնդրին բախվել են եթե ոչ բոլորը, ապա շատ շատերը: Բարեբախտաբար, թեփից ազատվելու ստուգված միջոցներ կան:  

Ի՞նչ է թեփը:

Թեփը սեբորիական մաշկաբորբի՝ քրոնիկական դերմատոզի մի տեսակի  դրսեւորում է, որը սովորաբար վնասում է մարմնի այն հատվածները, որտեղ շատ են ճարպագեղձերը՝ գլխի մաշկը, դեմքը, կուրծքը եւ այլն:

Ճարպագեղձերը հատուկ յուղ են արտազատում, որը յուղոտում է մազերն ու մաշկը: Սեբորիական մեղմ մաշկաբորբը , որը վնասում է գլխի մաշկը, կոչվում է թեփ. այն հատկապես գլխի մաշկի մասնիկների թափվելու պատճառ է դառնում:  

Սեբորիական մաշկաբորբից տառապում է բնակչության մոտ  2-5 տոկոսը, իսկ ավելի հաճախ դա հանդիպում է տղամարդկանց մոտ: Թեփն առաջին անգամ կարող է հայտնվել մանկական կամ պատանեկան տարիքում, իսկ հետո ամբողջ կյանքի ընթացքում ժամանակ առ ժամանակ հիշեցնել իր մասին:  Ոմանք ասում են, թե աշնանը եւ ձմռանը թեփը սրվում է, իսկ արեւի ճառագայթները նրա վրա ոչ միանշանակ ազդեցություն ունեն. երբեմն  վատացնում են վիճակը, երբեմն՝ թեթեւացնում: 

Մարդկանց մոտ ինչո՞ւ է թեփ առաջանում:

Որոշ փորձագետներ պնդում են, որ սեբորիական մաշկաբորբի պատճառը գենետիկական կանխատրամադրվածության մեջ է, որը, իմիջիայլոց, կարող է նաեւ փսորիազի հետ կապված լինել. թեփոտ մարդկանցից շատերն իրոք էլ  նաեւ փսորիազից են տառապում, եւ այդ համադրությունը նույնիսկ անվանում է  ստացել՝  «սեբորիազ»:

Գենետիկայից բացի, թեփի և փսորիազի առաջացման պատճառ կարող են դառնալ սնկերի որոշ տեսակներ: 

Պարկինսոնի հիվանդությունը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը եւ օրգանիզմում որոշ նյութերի  (ցինկ, նիացին եւ պիրիդոքսին) պակասը եւս կարող է թեփի հետ կապված լինել:  

Ինչպե՞ս կարելի է ազատվել  թեփից

Շատերը թեփի բուժման համար օգտագործում են հատուկ շամպուններ, որոնք ազատորեն վաճառվում են, նաև այնպիսիք, որոնք վաճառվում են միայն դեղատներում:  Վերջիններիս թվին է պատկանում, օրինակ, Nizoral-ը, որը կետոնազոլ է պարունակում՝ հակասնկային միջոց: Քանի որ թեփը կարող է կապված լինել սնկային վարակների հետ, նման միջոցները կարող են նույնիսկ շատ արդյունավետ լինել:  

Եթե դուք թեփի դեմ պայքարելու համար շամպուն եք օգտագործում, նախ պիտի թրջեք մազերը, քսեք շամպունը, իսկ հետո խնամքով լվանաք:  Ոչ մի դեպքում չի կարելի շամպունը մազերին թողնել: Հատուկ շամպունների օգտագործումից հետո կարելի է մազերին նաեւ գել քսել, լոսյոն կամ այնպիսի լուծույթ, որը գլյուկոկորտիկոիդներ է պարունակում. դրանք կօգնեն թեթեւացնել քորը: 

Թեփի շատ ընդգծված առկայության պայմաններում կարելի է նաեւ 13-ցիս-ցանցենաթթու խմել կամ էլ ուղղակի ցանցենաթթու. դրանք եւս շատ արդյունավետ են: Այդ նյութերը А վիտամինի ածանցյալներ են եւ օգտագործվում են ակնեի բուժման մեջ: Սակայն հղի կանայք, ինչպես նաեւ նրանք, ովքեր պատրաստվում են հղիանալ, ոչ մի դեպքում չպիտի խմեն այդ նյութերը, որովհետեւ դրանք կարող են լուրջ վնաս հասցնել պտղին: Նման դեղամիջոցներ օգտագործողներին մասնագետները խորհուրդ են տալիս հակաբեղմնավորիչներ ընդունել պատահական հղիությունից խուսափելու համար:



© NEWS.am Medicine