Տղամարդիկ պլաստիկ վիրահատություն են անում կարիերայի առաջընթացի համար

23:53   31 օգոստոսի, 2015

Գեղեցկության կլինիկաներ այցելող տղամարդկանց թիվն աստիճանաբար աճում է: Ուժեղ սեռի ներկայացուցիչներին բոտոքսի ներարկումները, մարմնի ուրվագծերի շտկումը եւ քթի վիրահատություններն անհրաժեշտ են ոչ թե սեփական գրավչությունը մեծացնելու, այլ՝ մրցունակության պահպանման համար, պնդում են բժիշկները: Ամեն տարի գեղեցկության կլինիկաների մեծամասնությունը տղամարդկանց հոսքի  10% ավելացում է արձանագրում, չնայած կանայք շարունակում են գերազանցել իրենց թվով:  

Տարիքային խտրականությունը շարունակում է ժամանակակից աշխարհի իրողություն լինել, եւ ավելի երիտասարդ աշխատակիցները աշխատանքի մեջ առաջընթացի անհամեմատ ավելի շատ շանսեր ունեն, քան նրանք, ովքեր արդեն թոշակի են նախապատրաստվում:

Եթե կանանց պլաստիկ վիրահատությունն անհրաժեշտ է սեփական գրավչության ավելացման համար, ապա տղամարդկանց պարագայում, ինչպես վկայում են վիրաբույժների շրջանում արված հարցումները, վիրահատությունների մեծամասնության դրդապատճառը կարիերայի հետ կապված հավակնություններն են:  Նրանց հաճախորդ տղամարդկանցից շատերն ուզում են ավելի երիտասարդ տեսք ունենալ, որպեսզի ծառայողական սանդուղքով առաջ գնալու հնարավորություն ունենան: 

«Տղամարդկանց պարագայում պլաստիկ վիրաբուժությունը շատ գործառնական է. հանուն ինքն իրեն երիտասարդանալու ոչ մի վերացական ցանկություն չկա, ի տարբերություն կանանց, ասում է Պլաստիկ վիրաբույժների ավստրալական ընկերակցության մամուլի քարտուղար Ջերեմի Հանտը:  - Տղամարդկանց երիտասարդությունն անհրաժեշտ է աշխատանքի մեջ մրցունակությունը պահպանելու համար: Հենց դրա համար էլ ուժեղ սեռը ավելի կոնկրետ է իր ցանկություններում: Ավելի հաճախ մեզ խնդրում են վերացնել աչքերի տակի պարկերը, ավելի ճոխ սանրվածք անել»:



© NEWS.am Medicine