Միսը կարող է դառնալ ավելորդ քաշի պատճա՞ռ

14:09   1 սեպտեմբերի, 2015

Կարմիր միսը ընդգրկված է նիհարելու համար նախատեսված բոլոր դիետաներում, սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ դրա սիրահարները կարող են ավելորդ կիլոգրամներ հավաքել: Նրանց ախորժակը կարող է բարձրանալ, ինչի հետեւանքով էլ նրանք սկսում են մեծ քանակությամբ սնունդ ուտել: Հետազոտությունը հրապարակված է Science World Report ամսագրում: Ախորժակի բարձրացումը պայմանավորված է օրգանիզմի վրա երկաթի ազդեցությամբ, որով շատ հարուստ է կարմիր միսը:

Գիտնականների խոսքով՝ մսում պարունակվող երկաթը կարող է փոխել հորմոնալ ֆոնը, քանի որ ի վիճակի է ճնշել լեպտին հորմոնի ակտիվությունը: Հաշվի առնելով որ լեպտինը պատասխանատու է օրգանիզմում սովի զգացումը կարգավորելու համար, միսն ի վերջո բարձրացնում է ախորժակը:

Մասնագետները փորձ են իրականացրել լաբորատոր մկների հետ, որոնց մի մասին կերակրել են երկաթի բարձր պարունակությամբ սնունդով, իսկ մյուս մասին ՝ սնունդով, որի մեջ այդ նյութը սովորական խտությամբ է պարունակվում: Փորձի արդյունքում փորձնական խմբի կենդանիների օրգանիզմում որոշ ժամանակ անց երկաթի պարունակությունը աճել է 215 տոկոսով՝ մնացած մկների համեմատ, իսկ ահա լեպտինի ցուցանիշները նվազել են 42 տոկոսով:

Գիտնականների այս հայտնագործությունը պետք է ավելի զգուշավոր դարձնի «քարեդարի սնունդ» կամ էլ «քարանձավային մարդու դիետա» տեսության ջատագովներին: Նիհարելու եւ գեղեցիկ կազմվածք պահպանելու տվյալ մեթոդները հաճախ ներկայացվում են որպես շատ արդյունավետ, սակայն դրանց հիմքում հենց մսի առատ գործածումն է:

Նոր հետազոտության հեղինակները նախազգուշացնում են, որ մսային կերակրատեսակների շատությամբ պայմանավորված՝ արյան մեջ երկաթի չափազանց բարձր մակարդակը բազմաթիվ հիվանդություններ է սադրում: Դրանցից են շաքարախտը, ճարպակալումը, Ալցհեյմերի հիվանդությունը ու լյարդի ճարպային հիվանդությունը:



© NEWS.am Medicine