«Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմը օգնում է ախտորոշել պսիխոզը

21:36   1 սեպտեմբերի, 2015

«Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի օգնությամբ մասնագետները կարող են հայտնաբերել պսիխոզով տառապող հիվանդներին, նույնիսկ եթե այդ հիվանդությունը գտնվում է վաղ փուլում ու դեռ չի դրսեւորվել, հավաստիացնում են Աալթոյի համալսարանի ֆին գիտնականները:

Հետազոտության շրջանակում գիտնականները մագնիսա- ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով սկանավորել են հիվանդների ուղեղը՝ «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի դիտման ժամանակ: Սկանավորման ընթացքում նրանք հայտնաբերել են, որ պսիխոզով հիվանդները ֆիլմից ստացված ինֆորմացիան այլ կերպ են մշակում, քան առողջ հիվանդները: Մասնավորապես գիտնականները հայտնաբերել են զգալի տարբերություններ ուղեղի այն հատվածում, որը կապակցված է հիշողության եւ տեսողական -տարածական ճանաչողության ու ինքնագիտակցության հետ:

Գիտնականները փորձում էին հասկանալ՝ արդյոք տվյալ մարդն ունի պսիխոզի նշաններ, պարզապես հետեւելով նրա ուղեղի գործունեությանը ֆիլմի դիտման ընթացքում: Պարզվում է, որ ուղեղի տվյալ հատվածի ակտիվության մոնիտորինգի միջոցով կարելի է բավականին այդյունավետորեն տարբերել հիվանդներին առողջ մարդկանցից: Սա նշանակում է, որ ուղեղի տվյալ հատվածը ամենակարեւոր հանգույցն է ՝ ինքնաինտեգրման տեսակետից եւ կարեւոր դերակատարում ունի պսիխոտիկ հիվանդների մոտ ինֆորմացիայի մշակման գործում:

Գիտնականները հույս ունեն, որ այս հայտնագործությունը կփոխի հոգեկան հիվանդությունների սքրինինգն ու ախտորոշումը:



© NEWS.am Medicine