Կալորիաները հաշվել պե՞տք է, թե՞ ոչ

01:58   2 սեպտեմբերի, 2015

Ճարպակալումից ու դրանով պայմանավորված հիվանդություններից խուսափելու համար ցանկալի է ոչ թե կալորիաների հաշվարկի վրա կենտրոնանալ, այլ պարզապես ուտել օգտակար, վիտամիններով եւ միներալներով հարուստ սնունդ, հավաստիացնում են գիտնականները ՝ Open Heart գիտական ամսագրի հոդվածի հեղինակները:

Սրտաբան Ասիմ Մալխոտրայի խոսքով, սրտի վիճակը լավացնելու համար պետք է ոչ միայն հրաժարվել ծխելուց, այլեւ հետեւել ճիշտ սննդակարգի, ընդ որում սննդակարգի փոփոխության ներգործությունը նկատելի կլինի ընդամենը մի քանի ամսից: Իսկ ահա տրանս-ճարպերով հարուստ սննդակարգի բացասական ազդեցությունը՝ արյան եւ անոթների վրա նկատելի է ընդամենը մի քանի շաբաթում:

Ավելին, մասնագետների խոսքերով, ոչ բոլոր կալորիաներն են իրար համարժեք: 250 գրամ գազավորված ըմպելիքում ընդամենը 150 կալորիա է, բայց եթե օրական այդ քանակության գազավորված ընպելիք խմեք՝ 2-րդ տեսակի շաքարախտի զարգացման հավանականությունը զգալիորեն կբարձրանա: Մյուս կողմից էլ մի բուռ ընկույզում ու 4 մեծ գդալ ձիթապտղի յուղում 500-ական կալորիա կա, բայց ընկույզն ու ձիթապտղի յուղը շատ օգտակար են սրտի ու անոթների համար:

Հենց դրա համար էլ որոշ գիտնականներ խորհուրդ են տալիս կենտրոնանալ ոչ թե կերած կալորիաների քանակի, այլեւ դրանց որակի վրա: Իսկ մյուս մասնագետները, օրինակ դիետոլոգ Քեթրին Թալլմեջը նրանց հետ համաձայն չեն: Դիետոլոգի կարծիքով, կալորիաների հաշվարկից ամբողջովին հրաժարվել չի կարելի,  երկու մոտեցումներն էլ պետք է համատեղել ՝ այսինքն ուտել որակյալ, օգտակար սնունդ՝ միաժամանակ հետեւելով նաեւ դրա կալորիականությանը:

Մասնագետների խոսքով, պետք է այնպես անել, որ մարդկանց համար ավելի հեշտ լինի օգտակար սնունդ ընտրելը ՝ օրինակ բարձրացնել քաղցր գազավորված ըմպելիքների հարկերը ՝ հետեւաբար նաեւ գները եւ միաժամանակ սուբսիդավորել առողջության համար օգտակար մթերքների արտադրությունը:



© NEWS.am Medicine