Կինը լսում է իր սեփական սրտի բաբախյունի, աչքերի շարժման ու մարսողության ձայները

20:58   3 սեպտեմբերի, 2015

Հազվագյուտ խանգարման պատճառով 27 ամյա կինը՝ ԱՄՆ Ինդիանա նահանգից, ձեռք է բերել շատ սուր լսողություն. Նա սկսել է լսել իր սեփական սրտի բաբախյունը, սննդի մարսողության ու նույնիսկ աչքերի խնձորակների շարժման ձայները: Իսկ սեփական քայլերի ձայնը նրան առհասարակ ամպրոպի ձայն է թվում:

Ռեյչելին Ամերիկայում զննել են 9 բժիշկներ ու մասնագետներ, որոնց մեծ մասը հայտարարել է, որ այս արտառոց սուր լսողության պատճառը միգրեն հիվանդությունն է: Բայց աղջկա մոտ հայտնաբերվել է մեկ այլ ՝ շատ ավելի հազվադեպ խանգարում, վերին կիսագնդային ուղու դեգիսցենցիա: Նրա ներքին ականջի ու ուղեղի միջեւ հայտնվել է անցք դեպի ոսկորներ, ինչի պատճառով էլ նա սկսել է լսել իր օրգանիզմում կատարվող պրոցեսների ձայները: Նման խանգարում բացահայտվում է 500 000 մարդուց միայն մեկի մոտ, դրա համար էլ բժիշկների համար շատ բարդ էր այն ախտորոշելը:

Ժամանակակից վիրահատական տեխնոլոգիաները թույլ են տալիս հիվանդին ազատել այս խանգարումից ՝ քիչ ինվազիվ վիրահատության օգնությամբ, որի ընթացքում ներքին ականջում փակվելու է անցքը ու վերականգնվելու է նրա բնական լսողությունը: Գանգի վրա արվելու է կոպեկի մեծության փոքրիկ անցք, որից հետո թեթեւ նկատելի սպի կմնա: Այդ վիրահատությունից հետո ապաքինվելու համար ընդամենը երեք շաբաթ է պահանջվում, իսկ բուն վիրահատոթյունը 90 րոպե է տեւելու:

Ռեյչելը նույնպես անցել է նման վիրահատություն ՝ այն արել են վիրաբույժներ Քվինթոն Հոպենը ու Այզեկ Յանգը, ովքեր մինչ այդ ավելի քան 60 նմանատիպ վիրահատություն էին արել: Վիրահատության շնորհիվ աղջիկն ազատվել է չափազանց սուր լսողությունից ու վերադարձել նորմալ կյանքի, ինչի համար անասելի ուրախ է:



© NEWS.am Medicine