Պոլիկլինիկաներում հղիներից գումար վերցնող բժիշկները խիստ պատժվելու են - քաղաքապետարան

19:17   3 սեպտեմբերի, 2015

Պոլիկլինիկաներում հղի կանանցից երեխայի սեռը հայտնելու համար գումար վերցնող բժիշկների հանդեպ ամենախիստ պատիժներն են կիրառվելու: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց Երեւանի քաղաքապետարանի առողջության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

Նա նշեց նաեւ, որ պոլիկլինիկաներում հղիներից գումար վերցնելը շատ խիստ խախտում է: Պատիժներ կիրառելու համար, սակայն, պետք է կոնկրետ դեպքերի մասին տեղեկություններ ունենալ:

Հիշեցնենք, որ մի շարք կանայք NEWS.asm Medicine-ին պատմել էին, որ իրենցից փող են վերցրել երեխայի սեռը որոշելու համար, չնայած ըստ գործող օրենքի՝ հղի կանանց խնամքը, այդ թվում ուլտրաձայնային հետազոտությունը, եթե այն արվում է բժշկի նշանակմամբ, մեր երկրում անվճար է։

Ինչպես NEWS.asm Medicine-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է ՀՀ Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ գործող օրենքում, ինչպես նաեւ ԱԺ–ում քննարկվող նոր նախագծում սեռի մասին տեղեկատվություն չտրամադրելու մասին դրույթ չկա, եւ երեխայի սեռը հայտնելը ոչ մի կերպ չի արգելվում։

Հայաստանի առողջապահության նախարարությունը միջնորդել է Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչությանը, որպեսզի միջոցներ ձեռնարկեն իրենց ենթակայության պոլիկլինիկաներում եւ բուժհիմնարկներում նման երեւույթները կանխելու ուղղությամբ։ Հղիներին էլ առաջարկվում է տեր կանգնել իրենց իրավունքին եւ նման դեպքերի մասին իրազեկել տվյալ հաստատության տնօրինությանը, ինչպես նաեւ ՀՀ առողջապահության նախարարության թեժ գծին` 010-52-88-72 հեռախոսահամարով:



© NEWS.am Medicine