Կեսարյան հատումից հետո ծննդաբերելն ամենեւին էլ վտանգավոր չէ. գիտնականներ

17:37   3 հոկտեմբերի, 2015

Հակառակ տարածված կարծիքի՝ կեսարյան հատումից հետո ծննդաբերելը հակացուցված չէ ու նույնիսկ ոչ այնքան վտանգավոր, որքան ոմանց կարող է թվալ: Այս մասին հայտնում են Մեծ Բրիտանիայի մասնագետները:

Նոր ուղեցույցը, որը հրապարակել է Մեծ Բրիտանիայի մանկաբարձների ու գինեկոլոգների թագավորական քոլեջը, հավաստիացնում է, որ բնական ծննդաբերությունը կլինիկական տեսակետից անվտանգ է կանանց մեծ մասի համար, նույնիսկ եթե նրանք արդեն կեսարյան հատում են անցել: Ավելին, բնական ծննդաբերության դեպքում զգալիորեն քիչ են բարդացումները: նույնիսկ երկու վիրահատությունից հետո կանանց 71 տոկոսը կարող է ծննդաբերել բնական ճանապարհով:

Վերջին 30 տարիներին կեսարյան հատումների քանակը Մեծ Բրիտանիայում կրկնակի աճել է, ու այսօր յուրաքանչյուր չորրորդ երեխան լույս աշխարհ է գալիս այդ վիրահատության միջոցով: Որոշ մասնավոր հիվանդանոցներում այս թվերն ավելի մեծ են, ու կեսարյան հատումով է ծնվում նորածինների 50 տոկոսը: Բնականաբար սա ոչ թե զուտ բժշկական անհրաժեշտությամբ է պայմանավորված, այլ ծննդաբերական ցավերից խուսափելու կնոջ ցանկությունով: Օրինակ Վիկտորիա Բեքհեմը իր չորս երեխաներին էլ կեսարյան հատումով է ունեցել:

Կեսարյան հատումների միայն 15 տոկոսն է անցկացվում բժշկական ցուցումներով, իսկ մնացած 10 տոկոսը պլանային են: Հաճախ կեսարյան հատումների են դիմում մեծահասակ մայրերը, որոնք առաջ էլ են տարել այդ վիրահատությունը: Սակայն հիմա նոր ուղեցույցում նրանց խորհուրդ են տալիս վերադառնալ բնական ճանապարհով ծննդաբերելուն, որը միանգամայն անվտանգ է ու ավելի քիչ բարդացումներ ունի:



© NEWS.am Medicine