Հայկական պատվիրակությունը մասնակցում է Հնդկաստանի առողջապահական համագումարին

18:35   5 հոկտեմբերի, 2015

ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը մասնակցում է հոկտեմբերի 5-7-ը Նյու Դելիում անցկացվող «Հնդկաստանի առողջապահության առավելությունները-2015» խորագրով միջազգային համագումարին: Այս մասին NEWS.am Medicine–ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։

Լայնածավալ միջոցառումը համախմբել է աշխարհի 65 երկրի շուրջ 600 մասնակցի, որոնք  ծանոթանում են Հնդկաստանի առողջապահական համակարգին, այցելում բժշկական կազմակերպություններ, հանդես գալիս զեկուցումներով:

Կլոր սեղանների ընթացքում պատվիրակներին կներկայացվի երկրի բժշկագիտական փորձը,  ծառացած մարտահրավերն ու առաջիկա ծրագրերը:

«Հնդկաստանի առողջապահության առավելությունները-2015» համագումարը կանդրադառնա նաեւ Հնդկաստանում լայն տարածում ունեցող  ոչ ավանդական բժշկությանը:

Նշենք, որ Հնդկաստանում  լայն թափով զարգանում է բժշկական տուրիզմը,  ինչպես նաեւ մեծ հաջողություններ են գրանցվում դեղերի ոլորտում: 



© NEWS.am Medicine