Առողջապահական երկու կառույց կհստակեցնեն իրենց գործառույթները

21:47   6 հոկտեմբերի, 2015

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներքո գործող տեսչական բարեփոխումների խմբի, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի փորձագետների մասնկացությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվեցին հանրապետությունում համաճարակային իրավիճակի վերահսկման, հիվանդությունների կանխարգելման, որակի ապահովման վերաբերյալ մի շարք հարցեր:

Արտերկրի փորձագետներին ներկայացվեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի եւ նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության գործունեությունը:

Քննարկման առանցքում էին համաճարակաբանական իրավիճակի վերահսկողության, ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարի, ամենօրյա մշտադիտարկման անհրաժեշտության հարցերը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ համաճարակաբանական իրավիճակի վերահսկողությունը առաջնահերթություն է:

Նա քննարկման մասնակիցներին ներկայացրեց ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում մեր երկրի գրանցած հաջողությունները: Անդրադարձավ որակի եւ անվտանգության վերահսկման հարցերին, ինչպես նաեւ հանրային առողջապահական ծրագրերին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց մասնագետների հետ աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկել առողջապահական երկու կառույցի գործառույթների հստակեցման հետ կապված հարցերը, ինչպես նաեւ մշակել առկա խնդիրների լուծման եւ առաջիկա ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ քայլերը:

 



© NEWS.am Medicine