Կերակրող մայրը քիչ էր մնում՝ մեռներ ցածր ածխաջրային սննդակարգի պատճառով

22:31   8 հոկտեմբերի, 2015

Շվեդիայից 32-ամյա կինը քիչ էր մնում՝ մեռներ այն բանից հետո, երբ անցել էր քիչ ածխաջրեր պարունակող սննդակարգի, հրաժարվել է հացից, բրնձից եւ մակարոնեղենից՝ միաժամանակ շարունակելով կրծքով կերակրելը։ Այս դեպքը նկարագրվել է Journal of Medical Case Reports-ում։

Կինը, ում անունը չի ներկայացվում, հույս ուներ նիհարել երեխայի ծննդից հետո։ Նա իրոք էլ կարողացել է 4 կիլոգրամ նիհարել, բայց նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ նրան շտապ հիվանդանոց են տեղափոխել՝ փսխոցով, սրտխառնոցով, սրտի ռիթմի՝ կյանքի համար վտանգավոր խանգարումներով, դողով ու ջղակծկումներով։ Բոլոր այս ախտանիշները կետոացիդոզի հետեւանք են՝ նյութափոխանակային ացիդոզի մի տարբերակի, որը կապված է ածխաջրերի փոխանակման խանգարման հետ։ Որպես կանոն, այդ վիճակն առաջանում է առաջին տեսակի դիաբետով հիվանդ մարդկանց մոտ։ Երբ օրգանիզմը ածխաջրերի բավարար քանակություն չի ստանում, սկսում է ճարպեր այրել, իսկ այդ գործընթացի երկրորդական հետեւանքները ընկնում են արյան մեջ եւ կարող են կոմայի ու նույնիսկ մահվան պատճառ դառնալ, եթե չափից շատ լինեն։

Կինը նման վիճակի է հասել, որովհետեւ օրական 20 գրամից պակաս ածխաջրեր էր օգտագործում, ինչը համապատասխանում է միջին չափի կարտոֆիլին կամ հացի կտորին, բայց շարունակում էր կրծքով կերակրել իր 10 ամսական տղային, երբ կրծքով կերակրելը էներգիայի բավականին մեծ ծախս է։

Շատ զարգացած երկրներում չափահաս մարդկանց խորհուրդ է տրվում  ածխաջրերից ստանալ էներգիայի չափաբաժնի կեսը։ Դա օրական 2000 կալորիա օգտագործող չափահաս մարդու համար կազմում է  200-ից  290 գրամ։

Հիվանդանոցում նրան բուժել են կետովիդոզից՝ կայունացնելով վիճակը եւ արգելելով ցածր ածխաջրային սննդակարգը։



© NEWS.am Medicine