Հայ եւ ռուս մասնագետները քննարկեցին մանկական առողջությանը վերաբերվող խնդիրները

14:16   9 հոկտեմբերի, 2015

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության գլխավոր նեոնատոլոգ, մանկաբուժության և պերինատոլոգիայի ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, Դմիտրի Իվանովին, ինչպես նաև Մոսկվայի Ֆիլատովի անվան N 13 քաղաքային մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Անտոնինա Չուբարովային: Ռուսաստանի առաջատար մասնագետների հետ քննարկվեցին մոր և մանկան առողջության պահպանման ոլորտին վերաբերող արդիական հարցեր: 

«Մոր և մանկան ոլորտի հարցերը մեզ համար ոչ միայն գերակա են, այլև գտնվում են մեր ամենօրյա անմիջական ուշադրության կենտրոնում: Կարծում եմ, այս քննարկումը ևս կամրապնդի երկու երկրի համագործակցության ամուր հիմքերը, որոնք արդեն երկդարյա պատմություն ունեն», - ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: 

Նրա գնահատմամբ` ռուսաստանյան գործընկերների հետ կազմակերպական, նեղ մասնագիտական հարցերի քննարկումները հնարավորություն են ընձեռում ոչ միայն զարգացնել համագործակցությունը կրթական, գիտական ոլորտներում, այլև կայացնել օրենսդրական դաշտի բարելավման, չափորոշիչների, գործելակարգերի մշակման համատեղ որոշումներ: 

Առաջատար մասնագետները ներկայացրին Ռուսաստանում ծնելության և մահացության հիմնական ցուցանիշները: Անդրադարձան մոր և մանկան ոլորտում բուժօգնության կազմակերպման, մայրաքաղաքում և մարզերում բժշկական կազմակերպությունների նյութատեխնիկական և կադրային հագեցվածության, ինչպես նաև այլ հարցերի: 

Կարևորվեց անհաս և արատներով ծնված երեխաների բժշկական օգնության ճիշտ կազմակերպումը, բուժանձնակազմի բարձր պատրաստվածությունը: 

Մասնագետների խոսքով` խնդիրներ ունեցող երեխաների դեպքում հատկապես կարևոր է մեծ ուշադրություն դարձնել անհրաժեշտ բուժօգնության կազմակերպմանը կյանքի առաջին իսկ րոպեներից սկսած: 

Քննարկմանը ներկա էին նաև ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության մասնագետները, ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալաքյանը:

Նա որպես ռուսաստանյան գործընկերների հետ փորձի փոխանակման վառ օրինակ մատնանշեց իր ղեկավարած կենտրոնի և Սանկտ-Պետերբուրգի Պոլենովի անվան նեյրովիրաբուժական գիտահետազոտական ինստիտուտի առաջատար պրոֆեսոր Վիլիամ Խաչատրյանի հետ արդեն 20 տարվա պատմություն ունեցող արդյունավետ համագործակցությունը, որի շնորհիվ հաջողվել է փրկել բազմաթիվ երեխաների կյանքեր: 

Քննարկվեցին նաև կրծքով սնուցման վերաբերյալ օրենսդրական մի շարք հարցեր: 

ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը ուրախությամբ փաստեց, որ վերջին շրջանում իրականացված օրենսդրական բարեփոխումների` մասնավորապես «Երեխաների կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունման շնորհիվ հաջողվել է արգելք մտցնել արհեստական կաթնախառնուրդներ գովազդելու գործընթացքում: 

Կրծքով սնուցման պրոպագանդման հարցում ևս մասնագետները կարևորեցին բժիշկների գիտելիքների, գրագետ մոտեցման անհրաժեշտությունը: 

Նշենք, որ անվանի մասնագետները Հայաստան են ժամանել նեոնատալ խնդիրներին նվիրված քննարկմանը մասնակցելու նպատակով:



© NEWS.am Medicine