Հայաստանում դիակիզարաններ պե՞տք են թե ոչ. «կողմ» եւ «դեմ» փաստարկները

19:47   9 հոկտեմբերի, 2015

Հայաստանում դիակիզարանների անհրաժեշտություն կա՞: Պատրա՞ստ է հայ ժողովորդը դին հողին հանձնելու ավանդույթը փոխարինել դիակիզումով:

Հոգեբան Իրինա Ծատուրյանի կարծիքով, Հայաստանում դիակիզարան ստեղծելն այդքան էլ վատ գաղափար չէ, քանի որ երկրում արդեն պարզապես տարածք չկա գերեզմանոցների համար: Ավելին ՝ եթե հանկարծ սողանքներ կամ ջրհեղեղներ լինեն, դրանք կավիրեն գերեզմանները ու բազմաթիվ լուրջ խնդիրներ կստեղծեն: Բացի դրանից, շատ երկրներում դիակիզումն ընդունված է ու մեծ տարածում ունի, ու հայերին նույնպես պետք է ընտրության հնարավորություն տալ:

Քահանա Արման Սաֆարյանն էլ իր հերթին նշեց, որ չնայած հայկական եկեղեցին այս հարցի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում չունի, բայց Հայաստանում թերեւս չարժե դիակիզարան ստեղծել: Եթե երկրում գերեզմանոցների համար տարածքները չեն բավականացնում, ապա դրա պատճառն, ամենայն հավանականությամբ, սխալ կառավարումն է ( օրինակ ոմանք հսկայական հողատարածքներ են գնում եւ դամբարաններ կառուցում, մյուսները ուզում են հողատարածք գնել «լավ» տեղում եւ այլն) ու այդ խնդիրն է պետք լուծել, այլ ոչ թե ամբողջ համակարգը փոխել: Բացի դրանից եկեղեցին առաջին թաղումից 150-200 տարի հետո թույլատրում է կրկնակի թաղումը ու մարդիկ հանգիստ կարող են օգտվել նաեւ այդ հնարավորությունից:

Քահանայի կարծիքով, հայերը հոգեբանորեն պատրաստ չեն դիակիզումն ընդունելուն եւ հետո կրոնական տեսակետից նույնպես դա այնքան էլ ճիշտ չէ: Կրոնական տեսակետից մարդը ոչ թե մահանում է, այլ ժամանակավորապես «ննջում», մինչեւ իր վերածնունդ, որը պետք է տեղի ունենա Քրիստոսի երկրորդ գալուստից հետո,հենց դրա համար էլ մահացածներին «ննջեցյալ» են անվանում: Իսկ դիակիզումը ու մարմինը մոխիր դարձնելը այդքան էլ ներդաշնակ չեն «քնի» հետ:

Բացի դրանից, ինչպես նշեց քահանան, նույնիսկ եթե մի կողմ դնենք կրոնական ու գեղագիտական կողմերը, դիակիզումն այնքան էլ անվտանգ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Նա օրինակ բերեց Մինսկում արված հետազոտությունը, որտեղ ամեն օր մոտավորապես 43 մարդ է մահանում, ու մոտավորապես յուրաքանչյուր երրորդին դիակիզում են: Դիակիզման ժամանակ օդ են արտանետվում  քիմիական վտանգավոր միացություններ, որոնք մկնդեղից շատ ավելի ուժեղ են:  Արման Սաֆարյանի խոսքով, եթե Մինսկում դիակիզեին բոլոր մահացածներին, ապա այդ միացությունների քանակն օդում այնքան մեծ կլիներ, որ կթունավորեր ամբողջ քաղաքը:



© NEWS.am Medicine