Շնաձկան հարձակումը փրկել է քաղցկեղով հիվանդի կյանքը (ֆոտո)

17:37   10 հոկտեմբերի, 2015

Մասաչուսեթսից Յուջին Ֆիննին լողում էր Կալիֆորնիայի ափից ոչ հեռու, որտեղ իր արձակուրդն էր անցկացնում ընկերուհու եւ երկու երեխաների հետ, երբ նրա վրա շնաձուկ էր հարձակվել։ Յուջինը ողջ էր մնացել, բայց մարմինը մի քանի տեղից պատռվել էր, եւ նա փորձել էր ինքնուրույն մշակել այդ վերքերը։ Երբ տուն էր գնացել, կրծքավանդակում ուժեղ ցավ էր զգացել եւ ստիպված էր եղել հիվանդանոց գնալ։

St. Elizabeth's Medical Center հիվանդանոցում բժիշկները ուսումնասիրել էին ոչ միայն արտաքին վնասվածքները, այլեւ տղամարդու ներքին օրգանները եւ հունական ընկույզի մեծության նորագոյացություն էին հայտնաբերել երիկամի վրա։ Բիոպսիան ցույց էր տվել, որ ուռուցքը չարորակ էր, բայց, բարեբախտաբար, քաղցկեղը դեռեւս վաղ փուլում էր, դրա համար էլ նորագոյացությունը հեռացրել էին թույլ ինվազիվ վիրահատության միջոցով՝ ռոբոտի մասնակցությամբ։

«Եթե շնաձուկը չհարձակվեր վրաս, ինչի հետեւանքով կրծքավանդակումս ուժեղ ցավ զգացի, ես մինչեւ վերջ էլ չէի իմանա երիկամիս քաղցկեղի մասին,- պատմել է Ֆիննին։ Ես ինձ երջանիկ եմ զգում, չնայած շնաձկների հարձակումներին ենթարկված մարդկանց մեծամասնությունն այդ առումով լրիվ ուրիշ կարծիք ունի։ Ես այնպիսի տպավորություն ունեմ, թե ճակատագիրն ինձ երկրորդ շանս է տվել, եւ ես չեմ պատրաստվում դա բաց թողնել»:

Բժիշկների խոսքով, Յուջինն այժմ ողջ է եւ ոչ քիմիաթերապիայի, ոչ էլ ճառագայթային թերապիայի կարիք չի զգում։

Նշենք, որ շնաձկները մեծ ժողովրդականություն են վայելում սարսափ-ֆիլմերում, չնայած ամեն տարի նրանց հարձակումներից ընդամենը 10-15 մարդ է մահանում, ինչը հազար անգամ ավելի փոքր թիվ է, քան ՃՏՊ-ներից մահացողներինը եւ տասն անգամ ավելի քիչ է, քան շների կծոցից մահացության թիվը։



© NEWS.am Medicine