Ուսուցչուհին դասարանում իր մարմնի վրա է ցուցադրում մարդու կառուցվածքը (ֆոտո)

19:59   10 հոկտեմբերի, 2015

Նիդերլանդացի անատոմիայի ուսուցչուհի Դեբբի Հիրկենսը դասարանի ուշադրությունն իր առարկայի վրա հրավիրելու արտասովոր միջոց է գտել. Groene Hart Rijnwoude դպրոցում իր դասի ընթացքում նա ի մեծ զարմանս աշակերտների հանկարծ սկսել է հանվել։ Իհարկե, հագուստի տակ հատուկ հանդերձանք ուներ, որի վրա պատկերված էին մարդու ներքին օրգանները։

Այդ հանդերձանքի օգնությամբ նա բավականին դիտարժան եղանակով աշակերտներին բացատրել է, թե ինչպես է կառուցված մարդու մարմինը, ինչպես են բաշխված ոսկորները, մկանները եւ ներքին օրգանները։ Հետաքրքիր է, որ առաջին հանդերձանքը ներկայացրել է մարդու մկանները, դրա տակ եղել է եւս մեկը, որի վրա հնարավոր է եղել տեսնել կմախքի կառուցվածքը, եւ եւս մեկը՝ ներքին օրգանների պատկերներով։

Արժե նշել, որ երեխաները մի քիչ զարմացել են, երբ ուսուցչուհին սկսել է հանվել։ Այնուամենայնիվ, ուսուցչուհու անսովոր մոտեցումը տվել է ցանկալի արդյունքը. ուսումնական նյութը յուրացվել է։

Հանվող ուսուցչուհու լուսանկարները հայտնվել են համացանցում եւ բազմաթիվ մեկնաբանությունների են արժանացել, որոնցում օգտատերերը հավանություն են տվել նրա հնարամտությանն ու մեթոդների ինքնատիպությանը։



© NEWS.am Medicine