Գիտնականներն առաջին անգամ լաբորատոր պայմաններում երիկամ են աճեցրել

19:59   11 հոկտեմբերի, 2015

Ավստրալացի գիտնականներն առաջին անգամ լաբորատոր պայմաններում մարդու երիկամ հիշեցնող օրգան են աճեցրել։ Այդ մասին հաղորդում է գիտական  Nature ամսագիրը։ 

Մի շարք փորձարկումների արդյունքում հնարավոր է եղել մաշկի բջիջներից 5 միլիմետրանոց այնպիսի հյուսվածքներ աճեցնել, որոնք երիկամի կառուցվածք ունեն եւ բաղկացած են տարբեր բջիջներից, որոնք հասուն երիկամի գործառույթներին նման  գործառույթներ են կատարում։ 

«Մեր մինի-երիկամը շատ բարդ է եւ նման է իսկական օրգանի», - պատմել է նախագծի ղեկավար պրոֆեսոր Մելիսա Լիթլը։ 

Նա նաեւ նշել է, որ աճեցված օրգանն առայժմ անհնար է օգտագործել փոխպատվաստման համար. մինչ այդ, զարգանալու դեռ շատ տեղ կա, սակայն կարելի է այն օգտագործել երիկամների վրա դեղերի ազդեցությանը վերաբերող փորձարկումներում։ Այժմ դեղերի թունավորության աստիճանը որոշելու համար կենդանիների են օգտագործում, սակայն նման փորձարկումներն ամբողջական պատկեր չեն տալիս։ 

«Բոլոր տեսակի բջիջներ ունեցող երիկամի ստեղծումը բջջային թերապիայի եւ նույնիսկ բիոինժիներինգի եւ փոխպատվաստման համար պիտանի երիկամների աճեցման հեռանկարներ է բացում։ Մի օր դա անկասկած հույս կտա չգործող երիկամ ունեցող հիվանդներին », - ասել է մասնագետը։

Պրոֆեսոր Լիթլի ղեկավարած գիտնականների խմբին 2013-ին արդեն հաջողվել էր մինի-երիկամ աճեցնել, բայց այն ժամանակ նրանք կարողացել էին հիմնական բջջի ընդամենը երկու տեսակ ձեւավորել։ Ներկայիս երիկամը անհամեմատ ավելի բարդ կառուցվածք ունի։



© NEWS.am Medicine