Հակաօքսիդանտներ պարունակող սննդային հավելումները բարձրացնում են քաղցկեղի հավանականությունը

15:26   12 հոկտեմբերի, 2015

Ընդունված է համարել, որ հակաօքսիդանտները երիտասարդացնում են օրգանիզմը ու պաշտպանում  քաղցկեղից, սակայն իրականում հակաօքսիդանտներ պարունակող սննդային հավելումներն այդքան անվտանգ չեն, որքան կարող են թվալ: Դրանց ավելցուկը կարող է հակառակը՝ նպաստել ագրեսիվ քաղցկեղի զարգացմանը, հավաստիացնում են Գետեբորգի համալսարանի շվեդ գիտնականները:

Գիտնականները պարզել են, որ հակաօքսիդանտները խթանում են օրգանիզմում ուռուցքային գործընթացների ակտիվությունն ու կրկնակի բարձրացնում մետաստազների առաջացման վտանգն ու արագությունը:

«Օրինակ չարորակ մելանոմայի ՝ մաշկի քաղցկեղի առավել վտանգավոր տեսակի դեպքում հակաօքսիդանտները կարող են կրկնապատկել մետաստազների՝ մարմնի մի մասից մյուսը քաղցկեղի տարածման արագությունը »,- պատմել են Գետեբորգի մասնագետները:

Հակաօքսիդանտներ կան սննդային շատ հավելումներում ու դրանք լայնորեն գովազդվում են որպես քաղցկեղի կանխարգելման միջոց: Շվեդ փորձագետները պարզել են, որ հակաօքսիդանտներն իրականում ունակ են առողջ բջիջներին պաշտպանել ազատ ռադիկալներից, որոնք քաղցկեղի զարգացում են սադրում: Բայց դրա հետ մեկտեղ ՝ հակաօքսիդանտները կարող են պաշտպանել նաեւ ուռուցքը, երբ այն արդեն սկսում է զարգանալ:

Պետք է նշել, որ գիտնականները կրծողների օրինակով են ուսումնասիրել հակաօքսիդանտների ազդեցությունը չարորակ մելանոմայի մետաստազների առաջացման արագության վրա: Սակայն գիտնականները վստահ են, որ սննդակարգում հակաօքսիդանտների բարձր պարունակության վտանգավոր ազդեցության հավանականությունը առկա է նաեւ մարդկանց դեպքում:

«Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ քաղցկեղ կամ այդ հիվանդության զարգացման բարձր ռիսկ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել այն սննդային հավելումներից, որոնք հակաօքսիդանտներ են պարունակում, քանի որ դրանք կարող են նպաստել հիվանդության զարգացմանը»,- հայտնել են հետազոտողները:

Մասնագետները շեշտում են, որ մելանոմայի դեպքում հենց մետաստազներ են մահվան պատճառ դառնում, քանի որ սկզբնական ուռուցքը կարող է հեռացվել, հետեւաբար ինքնին վտանգավոր չէ կյանքի համար: Նշենք, որ 2014թ. գիտնականները կապ են հայտնաբերել նաեւ հակաօքսիդանտների ու թոքերի քաղցկեղի սրընթաց զարգացման միջեւ:

Այս հետազոտության մասին հայտնում է Science Translational Medicine գիտական ամսագիրը:



© NEWS.am Medicine