Ո՞րն է մինիմալ ինվազիվ նեյրովիրաբուժության առավելությունը ավանդականի նկատմամբ

18:41   12 հոկտեմբերի, 2015

Առաջին հայացքից կարող է թվալ, թե մինիմալ ինվազիվ վիրահատություններն ավելի թանկարժեք են, չէ՞ որ դրանցում սովորաբար թանկարժեք գործիքներ ու իմպլանտներ են գործածում: Սակայն վերջին հաշվով նման վիրահատությունների համար երկիրն ու հասարակությունը շատ ավելի քիչ գումար է ծախսում՝ հավաստիացնում է նեյրովիրաբույժ Էվալդաս Չեսնուլիսը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա պատմեց ուղեղի ու ողնաշարի մինիմալ ինվազիվ վիրահատությունների հիմնական առավելությունների եւ այն մասին, թե ինչու են այդ վիրահատությունները սովորականներից գերադասելի:

Ավանդական վիրահատությունների ժամանակ հաճախ ստիպված են լինում ականջից ականջ կտրել հիվանդի գլուխը կամ էլ 40 սանտիմետրանոց կտրվածք անել մեջքին: Նման վիրահատությունից հետո հիվանդը շատ երկար է վերականգնվում ու ցավեր է ունենում կտրվածքների տեղերում:

Իսկ մինիմալ ինվազիվ վիրահատությունների դեպքում ընդամենը 4 փոքր կտրվածք են անում, յուրաքանչյուրը՝ 1 սանտիմետրից էլ փոքր: Նման վիրահատությունից հետո հսկայական սպիներ չեն մնում, ողնաշարի մոտ պահպանվում է մկանային կորսետը, բացի դրանից հետվիրահատական ցավերը անհամեմատ ավելի քիչ են: Ավելին՝ ինչպես նշեց մասնագետը, նման վիրահատությունների դեպքում վարակիչ ու այլ բարդացումների հավանականությունը շատ ավելի քիչ է:

Բնականաբար, նման վիրահատությունից հետո կրճատվում է նաեւ վերականգնման համար պահանջվող ժամանակաշրջանը: Եթե սովորական բաց վիրահատությունից հետո հիվանդը ստիպված է լինում հիվանդանոցում անցկացնել 10-14 օր, իսկ աշխատանքի ու սովորական կենսակերպին կարողանում է վերադառնալ միայն մի քանի ամսից, ապա այսօր կան մինիմալ ինվազիվ վիրահատություններ, որոնք ամբուլատոր են անցկացվում, ու դրանք նույնքան արդյունավետ են, որքան ավանդական բաց վիրահատությունները:

Մինիմալ ինվազիվ վիրահատությունները հատկապես գերադասելի են տարեցների համար, նշեց մասնագետը, քանի որ նրանք շատ ավելի դժվար են դիմանում բաց վիրահատություններին:



© NEWS.am Medicine