Կապանի ԲԿ-ն ժամանակակից բժշկական սարքավորումներ, կահույք եւ պարագաներ է ստացել (ֆոտո)

23:44   13 հոկտեմբերի, 2015

Կապանում այսօր բացվել է բժշկական արդիականացված կենտրոնը, որին մասնակցել է նաեւ աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am Medicine -ին հայտնում են, որ բուժհաստատությունում շրջայցի ժամանակ երկրի ղեկավարին են ներկայացրել իրականացված աշխատանքը, ստեղծված պայմաններն ու առաջարկվող բժշկական ծառայությունները: Արդիականացման գործընթացի շրջանակում հիվանդանոցն ապահովվել է հեռաբժշկության հնարավորություններով:

Ամբողջությամբ փոխվել են երկու մասնաշենքի տանիքների ծածկերը, վերակառուցվել են միջնապատերը, տեղադրվել են բժշկական նոր վերելակներ, փոխարինվել են դռները, ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները: Մոնտաժվել են նաեւ օդափոխության, քույրական ազդականչի, հակահրդեհային ազդարարման համակարգերը, համակարգչային ու հեռախոսակապի ներքին ցանցերը: Մրցութային գործընթացի արդյունքում տնտեսված միջոցների հաշվին տեղադրվել է ջեռուցման եւ տաք ջրամատակարարման նոր կաթսա, դիզելային գեներատոր, իրականացվել են նաեւ կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները, ներառյալ` ասֆալտապատում, արտաքին լուսավորության եւ եզրաքարերի տեղադրում, տարածքը եզրագծող ցանկապատի վերանորոգում: Երկու մասնաշենքերի միջեւ կառուցվել է նոր վերգետնյա անցում, վերանորոգվել է էլեկտրական ենթակայանը:

Ծրագրի շրջանակում Կապանի բժշկական կենտրոնը հագեցվել է նաեւ ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով եւ պարագաներով: Կենտրոնին տրամադրվել են բարձր արտադրողականություն ունեցող բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, ուլտրաձայնային հետազոտման եռաչափ սարք, որը կարող է իրականացնել նաեւ սրտի եւ անոթների հետազոտություն, տրեդմիլ համակարգ, թոքերի արհեստական օդափոխության սարք, դեֆիբրիլյատոր (սինխրոնիզացիայի հնարավորությամբ), ինչպես նաեւ ժամանակակից լաբորատոր եւ այլ սարքեր: Վիրասրահը հագեցվել է արդիական անհրաժեշտ միջոցներով: «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ վարկային ծրագրով «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվել է 1.4 մլրդ ՀՀ դրամի (շուրջ 3մլն 154 հազար ԱՄՆ դոլար) ներդրում:

Նշենք, որ հիվանդանոցը հիմնանորոգումն իրականացվել է Առողջապահության նախարարության կողմից՝ Հայաստանի կառավարության եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակում:

[gallery id=57]



© NEWS.am Medicine