Կանոնավոր սեռական հարաբերությունները (շաբաթն առնվազն 3-4 անգամ) կարող են թեթեւացնել միզուղիներով երիկամային քարերի հանկարծակի անցումը։ Այդ մասին պատմում են Անկարայի հիվանդանոցից թուրք գիտնականները։
Վերոհիշյալ հիվանդանոցի ուրոլոգները հետազոտություն են անցկացրել, որի շրջանակում 75 կամավորի 3 խմբի են բաժանել: Առաջին խմբի մասնակիցները սեռական հարաբերություն են ունեցել շաբաթը 3-4 անգամ կամ ավելի հաճախ, երկրորդ խմբի մասնակիցները տամսուլոզին դեղամիջոցն են ստացել (որը մեծացած շագանակագեղձի դեպքում հեշտացնում է մեզի հեռացումը), իսկ երրորդ խմբի մասնակիցները ստանդարտ դեղեր են ստացել, որոնք նշանակվում են երիկամներում քարերի առկայության դեպքում։
2 շաբաթ անց առաջին խմբի 31 կամավորից 26-ի մոտ, երկրորդ խմբի 21 կամավորից 10-ի մոտ եւ երրորդ խմբի 23 կամավորից 8-ի մոտ երիկամային քարերը դուրս են եկել միզուղիներով։ Քարերի միջին չափը եղել է 4.7 մմ։ Այդ հետազոտությունը ցույց է տվել, որ սեռական հարաբերություններն իրոք նպաստում են երիկամներից քարերի դուրս մղմանը։ Ավելին, պարզվել է, որ տամսուլոզինը ավելի արդյունավետ է, քան դեղերով ստանդարտ բուժումը։
Annals of Emergency Medicine-ում հրապարակված հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ տամսուլոզինը պլացեբոյից ավելի արդյունավետ կերպով է երիկամներից հանում քարերը, հատկապես եթե դրանք մեծ են։ Այս հետազոտության մեջ տամսուլոզին օգագործող մասնակիցների 87%-ին հաջողվել է ազատվել քարերից, իսկ պլացեբո օգտագործողների՝ միայն 81.9%-ին։ Իսկ եթե քարերի տրամագիծը 5-10 միլիմետր է եղել, տամսուլոզինն օգնել է հիվանդների 83.3%-ին, իսկ պլացեբոն՝ 61%: