Աշխարհի տարբեր երկրների մասնագետները Հայաստանում մասնակցում են հոգեբանությանը նվիրված կոնֆերանսին

14:54   23 հոկտեմբերի, 2015

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած մասնագետները հավաքվել են Հայաստանում՝ մասնակցելու համար «Տեսական եւ կիրառական հոգեբանության արդի խնդիրները» թեմայով 5-րդ միջազգային կոնֆերանսին, որը հոկտեմբերի 23-ին մեկնարկել է Երեւանում։

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է Հայաստանի կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղզումցյանը, կոնֆերանսի առաձնահատկությունն այն է, որ դրան մասնակցում են  ամենատարբեր մասնագետներ՝ իրենց գիտելիքներն ու փորձը փոխանակելու համար։ Նրա խոսքով՝ կոնֆերանսին մասնակցելու համար Հայաստան են ժամանել հոգեբաններ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Արգենտինայից եւ այլ երկրներից։

Վանաձորի պետական համալսարանի հոգեբանության եւ սոցիոլոգիայի ամբիոնի ներկայացուցիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոդիկ Ավագիմյանն արդեն երկրորդ անգամ է մասնակցում նման կոնֆերանսի։ Առաջինը 2013թ. էր։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ նման միջոցառումները շատ կարեւոր են հայ հոգեբանների համար. դրանք հնարավորություն են տալիս շփվել այլ երկրների գիտնականների հետ, քննարկել իրենց  հետաքրքրող հարցերը եւ ոլորտի նորությունները։

Ֆրանսիայից ժամանած հոգեվերլուծաբան Երեմիա Ալեքսանյանը, ով հաճախ է լինում Հայաստանում, իր հերթին ասել է, որ կոնֆերանսում հույս ունի իմանալ, թե ինչպես է զարգանում հոգեբանությունը Հայաստանում, եւ ինչպիսի դրական տեղաշարժ է գրանցվել վերջին մեկ տարվա ընթացքում։ Կոնֆերանսում նա կունենա 2 ելույթ. առաջինը այն մասին է, թե հնարավոր է արդյոք բուժել հետտրավմատիկ հիշողությամբ հիվանդներին, իսկ երկրորդը ուսանողների համար է. մասնագետը կպատմի մենեջմենթի եւ հաղորդակցման առանձնահատկությունների եւ խնդիրների մասին։ Կոնֆերանսը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 25-ը։



© NEWS.am Medicine