Ալերգիկ տենդը քառակի բարձրացնում է դեպրեսիայի զարգացման հավանականությունը

13:02   18 նոյեմբերի, 2015

Ալերգիկ տենդը քառակի բարձրացնում է դեպրեսիայի ու հոգեկան այլ խնդիրների զարգացման վտանգը: Այս մասին պատմել են Թայվանի National Yang-Ming University համալսարանի հետազոտողները:

Նրանց խոսքով տրամադրության այդ կտրուկ տատանումների պատճառը միայն հարբուխն ու աչքերի քորը չեն: Դեպրեսիայի վտանգը բարձրացնում են նաեւ արյունատար անոթներում ու ամբողջ մարմնի հյուսվածքներում սկսվող բորբոքային պրոցեսները, որոնց պատճառը ծաղկափոշու նկատմամբ ալերգիկ արձագանքն է:

Նրանց խոսքով այդ բոլոր պրոցեսները երկարաժամկետ վնասակար ազդեցություն են թողնում ուղեղի վրա: Բորբոքային արձագանքն է հենց ալերգիային բնորոշ ախտանիշների՝ օրինակ հարբուխի պատճառը՝ դրա միջոցով մեր օրգանիզմը փորձում է ազատվել ալերգեններից՝ այդ թվում փոշուց: Սակայն գիտությունն օրեցօր ավելի շատ ապացույցներ է ձեռք բերում, որոնք վկայում են այն մասին, որ մի քանի ամիս շարունակվող խրոնիկ բորբոքային պրոցեսները կարող են հոգեբանական լուրջ հետեւանքներ ունենալ հետագա կյանքում:

Թայվանի հետազոտողները հետեւել են գրեթե 10 000 դեռահասների, որոնք տառապում էին պոլինոզից ու նրանց 30 000 հասակակիցներին, որոնք ալերգիա չունեին: Այդ երկու խմբերի նկատմամբ հսկողությունը շարունակվել է գրեթե 10 տարի: Գիտնականները հաշվարկել են, թե դեռահասները ինչքան հաճախ են հետագայում բախվել երկբեւեռ խանգարման հետ, որն ուղեկցվել է տարատեսակ մոլուցքների դրսեւորումներով եւ խորը դեպրեսիաներով: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ պոլինոզ ունեցող դեռահասները հասուն կյանքում քառակի ավելի հաճախ են բախվում երկբեւեռ խանգարման հետ:



© NEWS.am Medicine