Ձմեռվա ցուրտն օգնում է նիհարել

16:18   19 նոյեմբերի, 2015

Շատերը վստահ են, որ ձմռանը մարդիկ գիրանում են, սակայն, եթե հավատանք գիտնականներին, դա բոլորովին էլ ճիշտ չէ. ընդհակառակը, ձմեռվա ցուրտը կարող է օգնել նիհարելուն: 

Հոլանդիայի Մաաստրիխտի համալսարանի գիտնականները, որոնք այնպիսի պայմաններ էին փնտրում, որոնցում մարդու օրգանիզմում նյութափոխանակությունն առավել արդյունավետ ընթանար, պարզել են, որ ցուրտը ավելորդ քաշի դեմ պայքարի լավ զենք է: Հետազոտության  հեղինակներն ասել են, որ զգալիորեն ցածր ջերմաստիճանի հաճախակի ազդեցությունը նկատելիորեն խթանում է թերմոգենեզի գործընթացը եւ օրգանիզմում էներգիայի ծախսը: Այլ խոսքով, շրջակա միջավայրում  ջերմաստիճանի նվազումը մարդու մարմնին ստիպում է  ավելի շատ կալորիա այրել տաքանալու համար: Ընդ որում, էներգափոխանակությունը, որը տեղի է ունենում մարմնի պահուստային ճարպի օգտագործման հաշվին, ավելանում է մոտավորապես 30 տոկոսով:

Այլ հարց է, թե որքանով է ընդունելի նիհարելու «ցրտային» մեթոդը, չէ՞ որ ցածր ջերմաստիճանի պայմաններում մնալը մարդկանց մեծամասնության համար անհարմարավետ է:  Սակայն հետազոտողները պնդում են, որ ցրտի առաջացրած դողն ընդամենը կարճաժամկետ կենսաբանական ռեակցիա է եւ նույնիսկ դա նպաստում է նիհարելու գործընթացին:

«Նախորդ հետազոտություններն արդեն ապացուցել են, որ ցրտին ի պատասխան դողը մեծացնում է մարդկանց մոտ ջերմության արտադրությունը, իսկ Ճապոնիայում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ կորցնում են իրենց ճարպաշերտը վեց ամիս շարունակ օրական երկու ժամ անցկացնելով ըստ Ցելսիուսի մինուս 17-ի պայմաններում», - պարզաբանել են Մաաստրիխտի համալսարանի ներկայացուցիչները:

Գիտնականների դիտարկումների համաձայն, մարդիկ աստիճանաբար հարմարվում են եւ սովորում ավելի ցուրտ ջերմաստիճանների: Ընդ որում, դա տեղի է ունենում շատ ավելի արագ, քան ջերմությանը հարմարվելու համար անհրաժեշտ պայմաններում:



© NEWS.am Medicine