Գիտնականներն առաջին անգամ արհեստական ձայնալարեր են աճեցրել

21:30   19 նոյեմբերի, 2015

ԱՄՆ-ի Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանի գիտնականներն առաջին անգամ բջիջներից մարդկային ձայնալարեր են աճեցրել: Նրանք հույս ունեն, որ իրեն գյուտը վնասված ձայնալարեր ունեցող մարդկանց հնարավորություն կտա վերականգնել ձայնը: 

«Ձայնը զարմանալի բան է, բայց մենք դրա մասին չենք մտածում, մինչեւ ինչ-որ բան չպատահի», - ասել է նախագծի հեղինակներից մեկը` Նեյթան Ուելհեմը: «Դա մեր մարմնի միակ հատվածն է, որը թրթռալով ձայներ արտաբերելու հնարավորություն ունի»:

Գործընթացի ամենաբարդ մասը ձայնալարերի բացառիկ մկանային կառուցվածքը վերստեղծելն էր` երկարավուն թելերի փնջեր, որոնք գնում են իրար հակառակ տարբեր ուղղություններով: Հյուսվածքի շերտերն աճեցվել են մարդկային բջիջներից, որոնք վերցվել էին հիվանդների վնասված ձայնալարերից: 

Արհեստական ձայնալարերի հատկանիշները ստուգելու համար գիտնականները դրանք պատվաստել են մեռած շան կոկորդին: Կոկորդին պոմպ են միացրել, որը խոնավ օդ է փչել ձայնալարերին: Փորձարկումը հաջողությամբ է ավարտվել. արհեստական կապերը թրթռացել են ճիշտ ինչպես իսկականները: 

Հետագայում գիտնականները փորձարկումներ են արել նաեւ մկների վրա եւ պարզել են, որ իմունային համակարգը բավականին հանդուրժողաբար է վերաբերվում արհեստականորեն ստեղծված ձայնալարերին:



© NEWS.am Medicine