Չորս առասպել նիհարելու մասին. մի հավատացեք դրանց

01:47   20 նոյեմբերի, 2015

Համացանցում հիմա կարելի է հսկայական ծավալի տեղեկություններ գտնել աշխարհում ամեն ինչի մասին: Բայց ոչ բոլոր տեղեկություններն են գրագետ ու ճշմարիտ՝ հատկապես եթե խոսքը նիհարելու մասին է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նիհարելու մասին մի քանի հիմար առասպել, որոնց հավատել չարժե։

1. Նախաճաշը, ճաշը կամ էլ ընթրիքը բաց թողնելը կօգնի նիհարելուն

Ոչ, չի օգնի: Ճաշի ժամերը բաց թողնելն առհասարակ վատ մտահղացում է: Եթե դուք այդպես վարվեք, ապա օրվա ընթացքում հոգնածություն ու ուժերի պակաս կզգաք: Դուք անընդհատ կուզեք ձեր սովի զգացումը ճնշել ավելի անառողջ, ճարպոտ ու քաղցր մթերքներով:

Եթե դուք իրոք ուզում եք նիհարել, իսկ հետո էլ պահպանել ձեր քաշը, Դուք պետք է սնվեք առողջարար, օգտակար մթերքներով, օգտագործելով ավելի քիչ կալորիա, քան ծախսում եք:

2. Ուժասպառ անող մարզանքները նիհարելու միակ ձեւն են

Իրականում այդպես չէ: Ինչպես արդեն ասացինք՝ նիհարելու համար պետք է ավելի շատ կալորիա ծախսել, քան ստանում ես սննդի հետ: Դրա համար ամենեւին էլ պարտադիր չէ ինքներդ ձեզ հյուծեք անվերջանալի մարզանքներով: Ֆիզիկական ակտիվությունն իհարկե շատ օգտակար է առողջության համար, բայց ձգտեք ընտրել ակտիվության այնպիսի տեսակ, որը դիսկոմֆորտի պատճառ չի դառնա:

Մասնագետները 19-64 տարեկաններին խորհուրդ են տալիս ֆիզիկական վարժություններին նվիրել շաբաթական առնվազն 150 րոպե:

3. Հաջող նիհարելու համար ճաշից ճաշ ոչինչ պետք չէ ուտել

Իրականում խնդիրը ոչ թե ճաշից ճաշ ուտելն է, այլ կերածի որակը: Եթե չիպսերի, շոկոլադի ու ճարպ ու շաքար պարունակող այլ մթերքների փոխարեն դուք նախապատվությունը տաք մրգերին ու բանջարեղենին, ձեր մարմինը դրանից բոլորովին չի տուժի:

4. Մարգարինում ավելի քիչ ճարպ կա, քան կարագում

Ոմանք կարծում են, թե մարգարինն ավելի օգտակար է, քանի որ դրանում ավելի քիչ ճարպ կա: Իրականում կարագում ու մարգարինում տարբեր տեսակի ճարպեր են: Մարգարինում ավելի քիչ են հագեցած ճարպերը, բայց դրա փոխարեն ավելի շատ են հիդրոգենիզացվածները, որոնք հայտնի են նաեւ տրանս ճարպեր անունով: Կա տեսակետ, որ տրանս ճարպերն առողջության համար ավելի վնասակար են, քան հագեցած ճարպերը:

Իսկ եթե Դուք ուզում եք նիհարել, ցանկալի է քչացնել բոլոր տեսակի ճարպերի քանակը:

 



© NEWS.am Medicine