Այսօր նույնիսկ ամեն երեխան գիտե, որ անառողջ կենսակերպը` ծխելը, սխալ սնվելը, ֆիզիկական ակտիվության պակասը եւ այլն կարող են հանգեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման, որոնք վաղ թե ուշ մահվան պատճառ կդառնան: Սակայն կան այնպիսի հիվանդություններ, որոնք կարող են շատ ավելի արագ սպանել` ընդամենը 24 ժամում: Դրանք կարող են վնասել ում ասես, նույնիսկ առողջ ապրելակերպ ունեցողներին:
5. Դենգե տենդ
Տարեկան մոտ մեկ միլիոն մարդ վարակվում է դենգե տենդով, իսկ երկրագնդի բնակչության մոտ 40 տոկոսը վարակման ռիսկի գոտում է: Միջատի խայթոցից հետո մեկ օրվա ընթացքում հիվանդի ջերմաստիճանը բարձրանում է մինչեւ ըստ Ցելսիուսի 41 աստիճան, մկանային ցավեր են սկսվում եւ ուժեղ արյունահոսություն. հարուցիչը սկսում է ոչնչացնել արյան կարմիր գնդիկները: Առանց բուժման եւ համապատասխան խնամքի, հիվանդի արյան շրջանառությունը կարող է խանգարվել ընդամենը 24 ժամվա ընթացքում, ինչը մահվան կհանգեցնի: Այս հիվանդության դեմ հատուկ բուժում եւ պատվաստանյութ չկա:
4. Էբոլա
Նախորդ բռնկման ընթացքում Արեւմտյան Աֆրիկայում տասնյակ հազարավոր մարդիկ վարակվեցին այս հիվանդությամբ: Առայժմ լուծում չի գտնվել, դրա համար էլ վարակվածների մոտ 70 տոկոսը մեռնում է: Չնայած հիվանդությունը փոխանցվում է օրգանիզմի հեղուկների միջոցով, նույնիսկ պաշտպանական հագուստները ոչ միշտ են պաշտպանում դրանից: Շատ բժիշկներ եւ բուժքույրեր, որ աշխատում են Աֆրիկայում, վարակվել են, չնայած ձեռք առնված անվտանգության բոլոր միջոցներին:
Օրգանիզմում հայտնվելով` հարուցիչը խախտում է արյան մակարդելիությունը եւ հիվանդի մոտ սարսափելի արյունահոսություն է սկսվում, որը կարող է մահվան հանգեցնել:
3. Այտուցային ժանտախտ
14-րդ դարում այտուցային ժանտախտը 50 միլիոն մարդ է սպանել: Նույնիսկ այսօր բժիշկները շարունակում են այդ հիվանդության դեպքեր արձանագրել. 2015-ին Յուտայի նահանգում 4 հիվանդ մահացել է այդ հիվանդությունից, իսկ դրանից մի տարի առաջ մի ամերիկացի ձեռքերից ու ոտքերից զրկվել էր այն բանից հետո, երբ իր կատվից վարակվել էր այդ հիվանդությամբ:
Այտուցային ժանտախտի մանրէները մարդու օրգանիզմում հայտնվում են վարակված միջատից եւ սկսում են բազմանալ ավշային հանգույցներում, որոնք մեծանում են, կարմրում եւ սկսում են սարսափելի ցավել: Հիվանդի մոտ նոպաներ եւ արյան փսխում է սկսվում, ինչպես նաեւ` վերջույթների մեռուկացում:
Առանց բուժման, վարակված հիվանդների 60 տոկոսն ընդամենը մեկ օրում մահանում է:
2. Էնտերոհարուցիչ D68
Էնտերոհարուցիչ D68-ը ինչ-որ առումով նման է պոլիոմելիտի ագրեսիվ տեսակի: Դա փոխանցվում է վարակված մարդու թքի, ինչպես նաեւ կենցաղային իրերի միջոցով, ինչպիսին, օրինակ սրբիչը եւ դռան բռնակներն են: Հարուցիչը հարձակվում է օրգանիզմի շնչառական եւ շարժողական գործառույթների վրա եւ կարող է սպանել մի քանի ժամվա ընթացքում:
Անցյալ տարի ԱՄՆ-ում 691 մարդ վարակվել էր D68 էնտերոհարուցիչով, 5 երեխա դրա զոհն է դարձել: Այդ հարուցիչից հատուկ բուժում առայժմ գոյություն չունի:
1. Խոլերա
Խոլերայով վարակվում են աղտոտված ջրից ու սննդից: Մանրէն հարձակվում է բարակ աղիքի վրա եւ ջրազրկում է օրգանիզմը փորլուծություն եւ փսխոց առաջացնելով: Ամեն ժամվա ընթացքում հիվանդը մի լիտր ջուր է կորցնում, ինչի հետեւանքով խախտվում է օրգանիզմում աղի հաշվեկշիռը եւ ջղակծկումներ են սկսվում: Արյունը սկսում է խտանալ հեղուկի պակասի հետեւանքով եւ օրգանների գործունեությունը խափանվում է:
Ամեն տարի մոտ 120 000 մարդ է մահանում խոլերայից, չնայած պատվաստանյութի եւ հակաբիոտիկների առկայությանը: