Վիրաբույժները հաջողությամբ իրարից անջատել են միակցված սրտով եւ լյարդով սիամական երկվորյակներին (ֆոտո)

14:44   23 նոյեմբերի, 2015

Կենտուկիի Kosair Children's Hospital-ում վիրաբույժները հաջողությամբ իրարից անջատել են սիամական երկվորյակների` 7-ամսական աղջիկների, որոնց սրտերը եւ լյարդը միացած էին իրար: Վիրահատությունը 8 ժամ է տեւել:

Բժիշկները երկար սպասում էին վտանգավոր վիրահատությունը ձեռնարկելուց առաջ: Աղջիկներից մեկը, որոնց անունները չեն տալիս, մյուսից ավելի թույլ էր, եւ մի օր բժիշկները հասկացան, որ եթե նրանց չբաժանեն իրարից, նրանք կարող են ողջ չմնալ: Վիրահատության նախապատրաստմանը 45 բժիշկ, բուժքույր եւ այլ մասնագետ էր մասնակցել: Նրանց էր միացել նաեւ Լուիսվիլի բժշկական համալսարանի մասնագետների մի խումբ:

Հիմնական բարդությունն այն էր, որ աղջիկներն իրար էին միացած լյարդի եւ նախասրտի հատվածում եւ նրանց բաժանելը հեշտ խնդիր չէր:

Վիրահատությունն իրականացվել է նոյեմբերի 11-ին: Այժմ աղջիկները դեռեւս թոքերի արհեստական շնչառություն են ստանում, սակայն, բժիշկների խոսքով, նրանք ամեն օր ավելի ուժեղ ու ամուր են դառնում: Ճիշտ է, բժիշկներն առայժմ երկարաժամկետ կանխատեսումներ չեն անում: Չի բացառվում, որ նրանք երկուսն էլ լրացուցիչ վիրահատությունների կարիք ունենան:



© NEWS.am Medicine