Սիֆիլիսը Եվրոպայում եղել է մինչեւ Կոլումբոսի Ամերիկայից վերադառնալը

23:51   23 նոյեմբերի, 2015

Սիֆիլիսը Կենտրոնական Եվրոպայի տարածքում լայնորեն տարածված էր Քրիստափոր Կոլումբոսի Ամերիկա հայտնի ուղեւորությունից դեռեւս առաջ, նկատել են ավստրիացի գիտնականները:  Հետեւաբար այն հիպոթեզը, թե հենց Կոլումբոսն է հիվանդությունը Եվրոպա բերել չի համապատասխանում իրականությանը:  

Ավստրիայի Բժշկական համալսարանի գիտնականները սիֆիլիսի մի քանի դեպք են հայտնաբերել, որոնք թվագրված են մթա  1320-ով: 1495-ին, երբ Կոլումբոսը հետ վերադարձավ Եվրոպա, այդ հիվանդությունն արդեն տարածված էր աշխարհամասում:  

Ձեւաբանական եւ կառուցվածքային ապացույցներ օգտագործելով` ավստրիացի գիտնականները կարողացել են ի հայտ բերել բնածին սիֆիլիսի ամենավաղ դեպքը, որը թվագրված է  14-րդ դարով: Դա տեղի է ունեցել ավստրիական Սենտ-Պոլտեն քաղաքի մայր տաճարի հրապարակի ավերակների ուսումնասիրության ժամանակ:  

Ստացված արդյունքները միանշանակորեն հերքում են Եվրոպայում սիֆիլիսի ներմուծման վերաբերյալ տիրապետող տեսությունը: Բնածին սիֆիլիսը, որը հղի մորից փոխանցվում է նորածին երեխային, ճանաչվել է 14-րդ դարի կմախքներում ատամների փոփոխություններով: 

Գիտնականները հայտնաբերել են այսպես կոչված Հատչիսոնի ատամները` պաթոլոգիա, որի դեպքում վերին կտրիչները ատամնապսակի տակառանման կամ պտուտականման ձեւ են ձեռք բերում:  Նրանք մանրամասն հիստոլոգիական հետազոտության եւ անալիզի են ենթարկել կմախքների ոսկրերն ու պահպանված ատամները:   Հատուկ լուսային մանրադիտակի օգտագործումը թույլ է տվել լիակատար ճշգրտությամբ պարզել պաթոգենը, որը, ինչպես հետագայում պարզվել է, սիֆիլիսն է եղել: 

Նշենք, որ սիֆիլիսի ծագումը դեռեւս գաղտնիք է մնում։



© NEWS.am Medicine