Երկաթի ավելցուկը բարձրացնում է սրտի հիվանդությունների զարգացման հավանականությունը. Մասնագետ

18:40   23 նոյեմբերի, 2015

Օրգանիզմում երկաթի ավելցուկն ու կուտակումը բարձրացնում է մի շարք՝ այդ թվում սրտանոթային ու ուռուցքաբանական հիվանդությունների, տրոմբոֆիլիայի, երկրորդ տիպի շաքարախտի, նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, աղիների բորբոքման ու մաշկի ծերացման հավանականությունը: Այս մասին լրագրողներին պատմել է «Հանուն առողջ սննդի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Գոհար Ջրբաշյանը:

Նրա խոսքով խնդիրն այն է, որ օրգանիզմում երկաթի ավելցուկը օքսիդատիվ սթրեսի ու հետեւաբար բջիջների, հյուսվածքների ու օրգանների վնասվածքի պատճառ է դառնում:

Երկաթի ավելցուկով պայմանավորված խնդիրների ցանկում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում սրտանոթային հիվանդությունները: Հետաքրքիր է, որ վերարտադրողական տարիքի կանայք ավելի հազվադեպ են նման հիվանդություններ ունենում, քան բոլոր տարիքի տղամարդիկ ու կանայք՝ դաշտանադադարից հետո: Բացառված չէ, որ սա պայմանավորված է նրանով, որ մարդու օրգանիզմում չկան երկաթը հանելու մեխանիզմներ ու դրա համար էլ այն կուտակվում է՝ ընդ որում հիմնականում տղամարդկանց մոտ, քանի որ վերարտադրողական տարիքի կանայք դաշտանի օրերին արյան հետ միասին կորցնում են նաեւ երկաթը: Սակայն դաշտանադադարից հետո կանանց օրգանիզմը դադարում է կորցնել երկաթը ու սկսում է կուտակել այն: Հետաքրքիր է, որ հենց այս տարիքից է կանանց մոտ բարձրանում կաթվածների ու ինֆարկտների զարգացման հավանականությունը:

Շատ տարիներ առաջ այդ փաստին ուշադրություն էր դարձրել նաեւ բժիշկ Ջ . Սալիվանը, որը իր գիտական աշխատությունում գրել էր, որ բացառված չէ, որ տղամարդկանց ու դաշտանադադարից հետո նաեւ կանանց մոտ ինֆարկտների ու կաթվածների բարձր հավանականությունը պայմանավորված է օրգանիզմում երկաթի կուտակումով: Նա նաեւ ուշադրություն էր դարձրել այն փաստին, որ աղքատ մարդիկ, որոնց օրգանիզմում որպես կանոն երկաթի պակաս կա, ավելի հազվադեպ են սրտանոթային խնդիրներ ունենում:



© NEWS.am Medicine