Եղունգների լաքում պարունակվող քիմիկատները ներթափանցում են օրգանիզմ

19:54   25 նոյեմբերի, 2015

Լաքը ոչ միայն ծածկում եւ զարդարում է կանանց եղունգները, այլեւ ներթափանցում է նրանց օրգանիզմ` կործանիչ ազդեցություն ունենալով ներքին օրգանների վրա: Այդ մասին տեղեկացնում են Duke University-ի եւ Environmental Working Group-ի մասնագետները, որոնք համատեղ հետազոտություն են իրականացրել, որը ցույց է տվել, որ եղունգների լաքում լայնորեն օգտագործվող քիմիկատի` տրիֆենիլֆոսֆատի  (TPHP) փոխակերպված տարբերակը հանդիպում է բոլոր կանանց օրգանիզմներում, որոնք կանոնավոր կերպով ներկում են եղունգները:  

Եղունգները ներկելուց հետո 10-14 ժամվա ընթացքում կնոջ մեզում TPHP-ի պարունակությունը 7 անգամ մեծացել է, պարզել են գիտնականները: Հետազոտողների կարծիքով, քիմիկատը ներծծվում է մազախողովակների եւ վերնամաշկի միջոցով: Լաքերում այլ լուծիչներ եւս եղունգներն ավելի թափանցելի են դարձնում TPHP-ի համար:

Գիտնականների կարծիքով, նոր հետազոտություններ պետք կլինեն` պարզելու, թե  TPHP-ն ճշգրիտ ինչպես է ազդում մարդու օրգանիզմի վրա, սակայն կենդանիների մասնակցությամբ փորձարկումները ցույց են տվել, որ այդ քիմիկատը բացասաբար է ազդում էնդոկրին համակարգի վրա, ինչը հատկապես վտանգավոր է աղջիկների համար: Հենց անչափահաս աղջիկները, որոնք իրենց զարգացման չափազանց  կարեւոր փուլն են ապրում, պիտի խուսափեն այնպիսի քիմիական նյութերից, որոնք խախտում են էնդոկրին համակարգի աշխատանքը: 

Բացի այդ, կարծիք կա, որ TPHP-ն նպաստում է նաեւ քաշի ավելացմանն ու ճարպակալմանը: 

TPHP-ն լայնորեն օգտագործվում է եղունգի լաքերում, որովհետեւ ապահովում է դրանց երկար օգտագործվելու կարողությունը:  TPHP-ը օգտագործվում է նաեւ հրշեջ եւ պլաստիկ նյութերում: Գիտնականները այդ նյութը նկատել են եղունգների համար օգտագործվող արտադրանքի մոտ 1500 բաղադրիչների շարքում: Ավելին, հայտնաբերվել են եղունգի լաքեր, որոնք իրականում   TPHP են պարունակել, սակայն փաթեթավորման վրա դա նշված չէր:



© NEWS.am Medicine