ԱՄԲ-ի ժամանակ օգտագործվող հորմոնը նվազեցնում է հղիանալու շանսերը

22:38   25 նոյեմբերի, 2015

ԱՄԲ-ի ժամանակ սովորաբար օգտագործվող հորմոնի բարձր մակարդակն իրականում նվազեցնում է կնոջ հղիանալու շանսերը, զգուշացնում են Միչիգանի պետական համալսարանի հետազոտողները:  Նրանց խոսքով, այս հորմոնի չափաբաժնի ավելացմանը զուգահեռ ծնելիության գործակիցը նվազել է 15-20 տոկոսով:

Խոսքը ՖԽՀ-ի մասին է` ֆոլիկուլախթանիչ հորմոնի, որը սինթեզվում է հիպոֆիզում եւ, ինչպես հետեւում է անունից, նպաստում է ֆոլիկուլի աճին եւ ձվազատմանը: Ֆոլիկուլը հեղուկով լի պարկ է, որում աճում է ձվաբջիջը: Ձվազատման ընթացքում այդ պարկը պատռվում է եւ հասունացած ձվաբջիջը դուրս է գալիս նրանից ու պատրաստվում է բեղմնավորվելու: 

ԱՄԲ անցկացնելու ընթացքում բժիշկները ՖԽՀ են օգտագործում բեղնավորման համար հնարավորինս շատ ձվաբջիջներ ստանալու համար: 

Ինչպես նշել է պրոֆեսոր Ջեյմս Այրլենդը վերոհիշյալ համալսարանից, որը տվյալ հետազոտության հեղինակներից մեկն է, այս աշխատանքը, որի ընթացքում գիտնականները  ԱՄԲ-ի ավելի քան  650 000 ցիկլ են ուսումնասիրել, պատասխանել է այն հարցին, թե արդյոք ՖԽՀ-ի բարձր մակարդակ է անհրաժեշտ ձվաբջջի գոյատեւման համար: Պարզվել է, որ անհրաժեշտ չէ. ՖԽՀ-ի մակարդակի բարձրացումը 15-20 տոկոսով նվազեցնում է ծնելիության գործակիցը: Այս փաստը հակասում է տարածված կարծիքին այն մասին, թե որքան ավելի շատ ՖԽՀ ստանա կինը, այնքան կմեծանան հղիանալու նրա շանսերը: 

Այդ հետազոտության մասին տեղեկացնում է Fertility and Sterility ամսագիրը:



© NEWS.am Medicine