Մինչդաշտանային ախտանիշով կանանց շրջանում բարձր է կաթվածների ու ինֆարկտների հավանականությունը

10:35   26 նոյեմբերի, 2015

Մինչդաշտանային ախտանիշը (ՄԴԱ) ոչ միայն  փչացնում է շատ կանանց տրամադրությունն ու կյանքը, այլեւ զգալիորեն բարձրացնում նրանց շրջանում ինֆարկտների ու կաթվածների հավանականությունը, նախազգուշացնում են Massachusetts University համալսարանի հետազոտողները: Պարզվում է, որ ՀԴԱ-ով տառապող կանայք եռակի հաճախ են բախվում բարձր ճնշման խնդրին, որը ինչպես գիտեք, շատ վտանգավոր է առողջության համար:

Վերոնշյալ համալսարանի գիտնականները 20 տարվա ընթացքում հետեւել են 25 տարեկանից բարձր 3500 կանանց առողջության: Նրանցից յուրաքանչյուր երրորդը տառապում էր մինչդաշտանային ախտանիշի այս կամ այն ձեւից: Պարզվում է, որ ՄԴԱ -ով կանայք 40 տոկոսով ավելի հաճախ են բարձր զարկերակային ճնշում ունենում, քան նրանք ում բնորոշ չեն տրամադրության ամենամսյա թռիչքները, անքնությունն ու ՄԴԱ-ի մյուս դրսեւորումները:

Ավելին, շատերի մոտ ճնշման խնդիրները դեռ պատանեկությունից են սկսվում՝ դեռ մինչեւ 40 տարեկանը դառնալը: Գիտնականների խոսքով, բացառված չէ, որ ՄԴԱ ախտանշանների առաջացման համար պատասխանատու են այն նույն հորմոնալ խնդիրները, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը:

Ինչպես նշեց հետազոտող Էլիզաբեթ Բերթոն Ջոնսոնը, հիպերտոնիան ինֆարկտի, կաթվածի ու կանանց մոտ զանազան երիկամային խնդիրների զարգացման ամենալուրջ ռիսկի գործոններից մեկն է: Դրա համար էլ անհրաժեշտ է նոր ռազմավարություններ մշակել՝ ռիսկի խմբի կանանց հայտնաբերելու ու նրանց շրջանում սքրինինգ իրականացնելու համար: Իմաստ ունի նաեւ պարբերաբար չափել ՄԴԱ ունեցող կանանց ճնշումը:

Այս հետազոտության մասին պատմում է American Journal of Epidemiology ամսագիրը:



© NEWS.am Medicine