ԴԱՆ միությունն առաջարկում է դեղերի ինստրուկցիաների հայերեն էլեկտրոնային բազա ստեղծել

16:16   26 նոյեմբերի, 2015

Հայաստանն այն երկիրը չէ, որը կարող է պայմաններ թելադրել խոշոր դեղագործական ընկերություններին, ոչ էլ կարող է նրանցից պահանջել, որ ինստրուկցիաները հայերեն տպագրեն, քանի որ հայերեն տպաքանակը նրանց համար չնչին է եւ խոշոր ընկերությունները պարզապես շահագրգռված չեն լինի դրանում, NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում ասաց  Դեղ արտադրողների ու ներմուծողների ( ԴԱՆ) միության ղեկավար Սամվել Զաքարյանը՝ մեկնաբանելով հայերեն պարտադիր ինստրուկցիաների մասին կետը, որը ընդգրկվել է դեղամիջոցների մասին օրենքի նոր նախագծում:

Նրա խոսքով,ԴԱՆ միությունն առաջարկում է այս հարցի լուծման մեկ այլ տարբերակ՝ ստեղծել բոլոր ինստրուկցիաների հայերեն էլեկտրոնային բազա ու դեղատներում ունենալ տպիչներ, որպեսզի ըստ պահանջի՝ դրանք հնարավոր լինի տպել տեղում: Կամ էլ դիստրիբյուտորները համաձայն են դեղերի հետ նաեւ հայերեն տպագիր ինստրուկցիաները տրամադրել դեղատներին: Այս տարբերակը, նրա խոսքով, ընդունված է Վրաստանում:

«Մենք դեմ չենք, մենք հասկանում ենք, որ դա անհրաժեշտ է: Բայց դրա հետ մեկտեղ պետք չէ բացել տուփերը, խախտել դեղերի ամբողջականությունը՝ դրանով իսկ նաեւ օրենքը»,- ասաց նա:

«Մենք չենք կարող դա պահանջել արտերկրի դեղ արտադրողներից, նրանք ավելի շուտ կհեռանան մեր շուկայից, քան կհամաձայնեն դրան: Ու մենք չենք կարող անել դա՝ խախտելով տուփի ամբողջականությունը: Սա լրացուցիչ գլխացավանք է, ինչպես դրոշմապիտակների դեպքում»,- ասաց նա՝ նշելով, որ միությունը համաձայն է դեղերի ամբողջական ցանկն ու դրանց ինստրուկցիաները տեղադրել իր կայքում:

 



© NEWS.am Medicine