Ինչպե՞ս պետք է սնվի երեխան իր կյանքի առաջին 1000 օրերին

19:31   26 նոյեմբերի, 2015

Ճիշտ սնունդը կարեւոր է ցանկացած տարիքում, չէ՞ որ այն օգնում է առողջ մնալ ու պաշտպանում է մի շարք հիվանդություններից: Սակայն երեխայի կյանքի առաջին 1000 օրերին ճիշտ սնվելն առանձնապես կարեւոր է, այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Վորլդ Վիժն Հայաստան ծրագրի ղեկավար Անուշ Սահակյանը:

Երեխայի կյանքի առաջին 1000 օրերը սկսվում են ոչ թե նրա ծննդյան օրվանից, այլ շատ ավելի շուտ՝ հղիությունից, ու շարունակվում մինչեւ նրա երկու տարեկանը: Այս ժամանակահատվածում ճիշտ սնունդը երեխային՝ թե ֆիզիկապես թե հոգեպես լիարժեք զարգանալու եւ իր գենետիկական պոտենցիալին հասնելու հնարավորություն է տալիս:

Հետաքրքիր է, որ երեխաների աճի խնդիրն այսօր շատ արդիական է Հայաստանում՝ մինչեւ հինգ տարեկան յուրաքանչյուր հինգերորդ երեխան չափից ցածր հասակ ունի, ինչը հենց սխալ սննդով ու սննդակարգում վիտամինների ու միներալների պակասով է պայմանավորված: Ավելին՝ սնունդը ազդում է նաեւ երեխայի մտավոր զարգացման վրա:

Երեխայի իմունային համակարգը նույնպես մեծամասամբ պայմանավորված է նրանով, թե ինչպես է նա սնվում իր կյանքի առաջին տարիներին՝ եթե երեխայի օրգանիզմը բավարար քանակությամբ չի ստանում անհրաժեշտ նյութեր, նա ավելի հաճախ ու երկարատեւ է հիվանդանում ու ավելի ծանր տանում հիվանդությունները:

Եվ այսպես, ինչպե՞ս պետք է սնվի երեխան կյանքի առաջին 1000 օրերին:

Ինչպես նշեց Անուշ Սահակյանը, քանի որ կյանքի առաջին 1000 օրերը մոր հղիությունից են սկսվում, շատ կարեւոր է, որ ապագա մայրը ճիշտ սնվի՝ իր ու երեխայի օրգանիզմն ապահովելով բոլոր անհրաժեշտ նյութերով:

Նաեւ շատ կարեւոր է, որ երեխան կյանքի առաջին վեց ամիսներին սնվի բացառապես մայրական կաթով ու չխմի ոչ ջուր, ոչ էլ թեյ, ընդ որում նրան պետք է կրծքին մոտեցնել հնարավորինս շուտ՝ ցանկալի է ծնվելուց անմիջապես հետո՝ առաջին մեկ ժամվա ընթացքում:

Երբ երեխան 6 ամսական է դառնում, նրա սննդակարգում կրծքի կաթից բացի պետք է հավելյալ սնունդ մտցնել: Իսկ թե ինչպես է պետք դա անել, ինչ կարելի է տալ երեխային, իսկ ինչ՝ ոչ, ծնողներին կարող է պատմել գրագետ մանկաբույժը:



© NEWS.am Medicine